Սասունցիների վրեժը

Սերոբի սպանության լուրը առնելով, դեպի Գելիեգուզան գյուղ շտապեց նաև Գևորգը:

Անդրանիկն ու Գչորգը անմիջապես գործի անցան: Սերոբի կորուստը նրանց և մյուս հայդուկների, ինչպես նաեւ ողջ Սասունի հայության հոգին խռովեցրել էր, վրեժի զգացումը կրծում էր բոլորի ոգին: Անդրանիկն ու Գեւորգը քուն ու դաթարները կորցրել էին, արյունն աչքներին ամենուր փնտրում էին Խալիլին։

Մի անգամ, երբ Անդրանիկն ու Գևորգը անցնում էին Գելիի փողոցներով, բակերից մեկում տեսան ալեհեր մի ծերունու:

-Բարև, քեռի, -բղավեցին նրանք: Պատասխան չստացան: Բարևը կրկնեցին, դարձյալ՝ անպատասխան:

-Գևորգ, սասունցիները մեզնից երես են դարձրել: Կամ կսպանենք Խալիլին, կամ Սասունում մենք տեղ չունենք: Սասունցիներին պահողը նրանց հավատն ու ոգին է, եթե դրանք վերանան, Սասունը չի դիմանա, – տխուր ասաց Անդրանիկը:

Կատարվեց աշխատանքի բաժանում: Անդրանիկն ու Մակարը զբաղվելու էին մարտական ջոկատների համալրմամբ, իսկ Գևորգը՝ զինամթերքի հայթայթմամբ:

Շուտով Անդրանիկին ու Գևորգին լուր բերեցին, որ Խալիլը մուշ քաղաքում է: Գնացել էր կառավարչից իր ծառայության վարձը ստանալու: Սերոբին սպանելու համար Խալիլին սուլթանը փաշայի կոչում էր շնորհել եւ պարգևատրել պատվո նշանով:

1900 թվի նոյեմբեր ամիսն էր: Պատմում է Անդրանիկը. «Ասացի, որչափ կարելի է, պետք է աշխատել Խալիլին ողջ բռնել, որպեսզի հարցաքննենք նրան և հասկանանք, թե մինչև այժմ հայերից ովքեր են եղել նրա լրտեսները»:

Միջօրեին երևաց ինքը՝ Խալիլը, շարջապատված 40 հոգուց բաղկացած հեծյալ խմբով: Դարան մտածները թողեցին, որ քարավանն անցնի և Անդրանիկի ազդանշանից հետո կրակ բացեցին: Առաջին համազարկից հեծյալների մեծ մասը գետնին տապալվեց: Սպանվեց նաև Խալիլի ձին: Խալիլը վայր ընկավ, բայց ոտքը մնաց ասպանդակի մեջ:

Հայդուկները վրա հասան, Խալիլին ոտքի կանգնեցրին, խուզարկեցին: Գտան 13 հայ լրտեսների անուն պարունակող փաստաթուղթը, որից հետո  Խալիլի գլուխը կտրեցին, գցեցին պարկի մեջ և շարժվեցին դեպի Գելի: Ուղիղ գնացին այն ծերուկի տունը, ով մի քանի օր առաջ նրանց բարևին չէր պատասխանել: Ծերուկը նույն դիրքով նստած էր:

-Բարեւ՛ քեռի:

Պատասխան չկար: Մոտեցան ծերուկին ու պարկի միջից Խալիլի գլուխը գլորեցին նրա ոտների տակ: Ծերուկը նայեց նրանց, թույլ ժպտաց ու ասաց.

-Լաո, սասունցուն միայն մի գազանից ազատեցիք, – ապա ոտքի կանգնելով կանչեց, -է, Խալիլի գլուխը մի ոչխար արժե: Ոչխա՛ր մորթեք: