Չգիտեի բարևեմ եղբորս, թե՞ պատվի առնեմ հրամանատարիս․ պատերազմի դաշտում հանդիպած երկու եղբայրների պատմությունը

44-օրյա պատերազմը փոխեց բոլորիս կյանքը, բոլորիս կյանքի  հունը այլևս առաջվանը չի ու չի էլ լինի․․․ Ոմանք կորցրեցին իրենց հորը, ոմանք եղբորը, ամուսնուն, որդուն ․․․

Ցավոք պատերազմը սահմաններ չի ճանաչում, խլում է մեզնից մեր լավագույններին։ Այսօր Ձեզ կպատմենք մեր հերոսներից ևս մեկի՝ քաջարի մարտիկ լոռեցի Արմեն Բեժանյանի մասին։ Արմենը ծնվել և մեծացել է Լոռվա մարզի Շամլուղ քաղաքում։ Փոքր հասակից ցանկացել է  դերասան դառնալ, բայց դպրոցն ավարտելուց հետո որոշում է կայացրել գնալ և սովորել Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ավարտելով ուսումը՝ Արմենը որպես սպա  իր առաքելությունը շարունակել է  Արցախում։ 18 տարվա փորձառու զինվորականը պատերազմին մասնակցել է արդեն որպես զորամասի հրամանատար։ 

Armen

 Այդ դաժան ու ծանր օրերին  ինչպես բոլորի, այնպես էլ Արմենի հարազատներից շատերը գնացին առաջնագիծ։ Ռազմաճակատ մեկնեց նաև նրա հորեղբոր որդին՝ Անդրանիկը, ով այդ պահին Լոռիում էր։ Նա պատերազմի լուրն ստացավ ամսի 27-ի երեկոյան, իսկ արդեն ամսի 28-ի առավոտյան ընկերների հետ Երևանից մեկնեցին Արցախ։ Երբ արդեն զինվել ու պատրաստվում էին առաջնագիծ գնալ, նկատեցին, որ Մատաղիսի զորքը նահանջում է,  և կանոնավոր բանակի կազմի հետ նաև կամավորներին մոտակա զորամաս տեղափոխեցին։ Հենց այդտեղ էլ Անդրանիկն իմացավ, որ հրամանատար եղբայրը նույնպես այդ զորամասի տարածքում է։ Նա  հուզմունքով պատմում է, թե  ինչպես է հեռվից նկատել հրամանատար եղբորը և իր երկու կամավոր ընկերների հետ գնացել են հրահանգներ ստանալու։

  • Չգիտեի բարևեմ եղբորս, թե պատվի առնեմ հրամանատարիս։ Ի վերջո արյան կանչն է հաղթում և նրանք գրկախառնվում են։

Ու այդ օրվանից մինչև վերջին պահը նրանք մարտնչել են Մատաղիսի զորքի հետ։

Անդրանիկը, հերթափոխով պայմանավորված դեպքից ընդամենը ժամեր առաջ էր հասել Երևան ՝ մի քանի օրից  հետ գնալու նպատակով , երբ լսել է եղբոր զոհվելու մասին լուրը։ Ավաղ դա եղբայրների վերջին հանդիպումն էր․․

Հոկտեմբերի 13-ին իրենց ուղղությամբ թշնամու կողմից մեծ հարձակում է եղել, և Արմենն ինչպես միշտ իր զինվորներին մենակ չի թողել, նրանց հետ գնացել է նոր բնագիծ և հենց այդտեղ էլ զոհվել է։

Արմենն ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ Լինան և Հայկը։

Հավերժ փառք քեզ , հրամանատա՛ր։