Թուրքերը Արևմտյան Հայաստանում փնտրում են հայերի գանձերը
Թուրքիայում հայերի գանձեր փնտրողներն այնքան են մասնագիտացել իրենց գործում, որ սկսել են գանձագողության դասեր տալ սկսնակներին:
Թուրքական «Թարաֆ» պարբերականն անդրադարձել է գանձագողերի տեսաուղերցներին՝ նշելով, թէ զարմանալին այն է, որ «Իւթիուբ» կայքէջում հայտնված այդ տեսաուղերցներից յուրաքանչյուրի դիտումն անցնում է 10 հազարը:

Տեսաուղերցներից մեկում, որը վերնագրվել է «Հայի տունը գաղտնի գանձարան է», հեղինակը պատմում է, թէ մինչև Ցեղասպանությունը հայերն իրենց թանկարժեք իրերն ու զարդերը պահել են տանը սարքած հատուկ պահոցներում կամ այգիներում: «Ցեղասպանությունից հետո որոշ հայեր կարողացել են հետ գալ և իրենց գանձերը տանել կամ էլ պատրիարքարան են դիմել և պատրիարքարանի միջոցով են իրենց թանկարժէք իրերն ու զարդերը հետ ստացել:


Չնայած դրան՝ դեռ շատ հայերի տներ կան, որտեղ գանձերը մնում են: Հայերի գանձերը գտնելու համար՝ երբեք մի՛ օգտագործեք քարտեզներ կամ նշաններ: Հայերը երբեք դրանք քարտեզում չեն նշել, ո՛չ էլ նշաններ են արել: Հայերի գանձերը փնտրեք տներում և այգիներում,- նշված է տեսաուղերցի մեջ:
Նշենք, որ ամբողջ Թուրքիայի տարածքում, որտեղ որ ապրել են հայերը, գանձ փնտրելու տենդ է: Տեղի բնակիչները առիթը չեն կորցնում իրենց պատմական հայրենիքը մեկնած հայերից հետաքրքրվելու «թաքցրած գանձերի մասին»՝ կիսվելու առաջարկ անելով նրանց:
Գանձերի մոլուցքով տառապողներն իրականացնում են սրբապղծություններ՝ քանդելով հայերի գերեզմաններն ու եկեղեցիների հիմքերը: