Հրեաների շնորհակալությունը հայ փրկիչներին

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի Խորհուրդը որոշում է կայացրել հուշատախտակ ստեղծել` հարգանքի տուրք մատուցելու համար ազգությամբ հայ բոլոր այն խիզախ կանանց և տղամարդկանց, ովքեր այս կամ այն կերպ օգնության ձեռք են մեկնել հրեաների Հոլոքոստի զոհերին: Մինչ օրս պաշտոնապես հայտնի են են 24 հայեր, բայց չբացահայտված դեռ շատ պատմություններ կան հայերի սխրանքների վերաբերյալ:

Ներկայումս Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի գիտաշխատողները տեղեկություններ են հավաքագրում` բացահայտելու համար այլ հայերի ևս, որոնց սխրանքները մինչ այժմ պատշաճ կերպով չեն փաստագրվել: Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ պարոն Էդուարդո Էռնեկյանն իր ելույթում նշել է. «Չնայած հայ ազգն աշխարհի մասշտաբով փոքր է, բայց նշանակալի է հայ փրկիչների մասնաբաժինը հրեաների փրկության գործում: Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի որոշումը` ստեղծել հատուկ նախագծված հուշատախտակ այն միջոցն է, որով մենք ճանաչում ենք այդ մարդկանց գործած համարձակ քայլերը և շնորհակալություն հայտնում այդ հերոսներին»:

Հիշատակը հավերժացնող հուշատախտակները կտեղադրվեն աշխարհի խոշոր քաղաքներում: Թել Ավիվ-Յաֆայի հայկական ասոցիացիան, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Սբ. Նիկողայոս վանքին կից, կլինի այն վայրը, որտեղ կտեղադրվի հիշատակը հավերժացնող հուշատախտակներից առաջինը: Վերջինիս բացումը տեղի կունենա առաջիկայում, հատուկ արարողությամբ: