2 լեգենդների շախմատային դիմակայությունը։ Թեժացած կրքեր

1959 թվականին Թբիլիսիում կայացած ԽՍՀՄ-ի առաջնությունում 1-ին անգամ հաղթելուց հետո Պետրոսյանի հաջողությունը մեծ շուքով նշեցին: Միջոցառման կազմակերպիչները որպեսզի չեմպիոնին ավելի շատ գոհացնեն, անընդհատ պատվիրում էին նրա ընկեր Առնո Բաբաջանյանի երգերը:

Իսկ դրանից 4 տարի անց Տիգրան Պետրոսյանն Աշխարհի չեմպիոնական թագի համար մենամարտում էր Միխայիլ Բոտվիննիկի հետ: Դա հայտնի հայ-հրեական դիմակայություն էր: Բոտվիննիկի կինը Մարիանյան թատրոնի պարուհի, հայազգի Գայանե Անանովան էր, իսկ Պետրոսյանի կինը՝ Ռոնան, հրեա էր:

Էստրադայի թատրոնում, որտեղ նրանք մրցում էին, երկրպագուների մեծ մասը հայեր էին: Նրանց թվում էին Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, մարշալներ Հովհաննես Բաղրամյանն ու Համազասպ Բաբաջանյանը, նկարիչ Արփենիկ Նալբանդյանն ու էլի շատ հայտնիներ: Ի ուրախություն նրանց, Պետրոսյանը հաղթեց:

Առնո Բաբաջանյանը Տիգրան Պետրոսյանի տան մշտական հյուրերից էր ու նարդու անհաշտ մրցակիցներից: Պետրոսյանի որդի Միքայելը պատմել է, որ թեև հաշիվը հաճախ ոչ-ոքի էր ավարտվում, սակայն խաղի ընթացքում կրքերն աներևակայելի եռում էին: Պատճառը նաև նրանց սպորտային հակադիր նախասիրություններն էին:

Պետրոսյանն ամբողջ կյանքի ընթացքում երկրպագել է «Սպարտակին», իսկ Բաբաջանյանն՝ «Դինամոյին»: Չնայած դրան՝ նրանք միասին ֆուտբոլ դիտելու էին գնում:

Կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Զաքարյանը պատմել է, որ իրեն բախտ է վիճակվել 1967 թվականին մասնակցել «Առնո Բաբաջանյան՝ քո ժամանակակիցը» ֆիլմի նկարահանումներին: Նա այսպես է ներկայացրել Բաբաջանյանի և Պետրոսյանի շախմատային դիմակայությունը․

Պետրոսյանն ամուր գրկեց ընկերոջն ու ողջունեց նրան: Բաբաջանյանն էլ ասաց. «Բարև Տիգրան ջան: Ոչի՞նչ, որ մենք չենք չեմպիոնին հյուր եկել, այլ նա մեզ»:

Պետրոսյանն էլ չշփոթվեց ու յուրահատուկ պատասխան տվեց. «Նախ՝ մեր հայ բարեկամներն ինձ լավ են տեղ հասցրել, բացի այդ էլ՝ Բաբաջանյանի մոտ գալը չեմպիոնական տիտղոսից վեր է»:

«Երբ նարդի բերեցին, Պետրոսյանն ասաց, որ շատ կարևոր պահ չենք հաշվի առել, ի՞նչ կլինի, եթե նա պարտվի: Բաբաջանյանը միանգամից կատակեց, թե չեմպիոնական տիտղոսը կթողնի այստեղ ու կմեկնի ինչպես սովորական շախմատիստ»:

«Պատմական խաղ էր, պետք էր այդ ամենը տեսնել, լսել, թե ինչ կատակներ էին անում, ինչ տրամադրությամբ գործում: Կրքերը հասան գագաթնակետին, երբ հաշիվը հավասարվեց՝ 4:4:  Հանկարծ Բաբաջանյանն առաջարկեց այդպես էլ ավարտել: Բոլորս բարձր ծիծաղեցինք: «Ոչ-ոքին քո սիրած զբաղմունքն է, ինչո՞ւ ես այդպես ուրախանում» (Պետրոսյանն իսկապես շատ ոչ-ոքիներ էր անում),- ասաց Բաբաջանյանը: Պետրոսյանն էլ, թե «սիրելիս, իմացիր, որ իմ ոչ-ոքիները հաղթանակի են հավասար: Այնպես որ նետիր զառերը, Տիգրան Պետրոսյանը դեռ երկար է մնալու գահին»,- հիշել է Վիլեն Զաքարյանը:

Ապա սկսվել է որոշիչ դիմակայությունը: Այն ավարտվել է հաղթանակով… բայց ռեժիսորն այդպես էլ հավատարիմ մնաց իր խոստմանն ու չասաց, թե ով ուժեղ գտնվեց այդ օրը:

«Ֆիլմում էլ այնպես արեցինք, որ ոչ մեկը չիմանա այդ գաղտնիքը, բայց հանդիպման ելքը մնաց բոլոր ներկաներիս հիշողության մեջ որպես սրբազան գաղտնիք, որի մասին երբեք չենք ասի: Տիգրան Պետրոսյանը ֆիլմում մեծ սիրով էր խոսում Բաբաջանյանի մասին:

Բաբաջանյանն այդ տարի ապաքինվեց, բայց ոչ երկար ժամանակով: Ցավոք, շուտով նա հեռացավ կյանքից: Դրանից 2 տարի անց էլ մահացավ մեր հպարտություն Պետրոսյանը»: