3 բաղադրատոմս Հովհաննես Թումանյանից
Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշում է, որ Թումանյանը սիրում էր համեղ ուտել, հաճախ էր իր տուն ընկերների և ծանոթների հավաքույթներ կազմակերպում և սեղանին դնում հաճախ իր իսկ բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ: Ստորև առանձնացրել ենք 3 բաղադրատոմս, որոնք Թումանյանի սիրելիներից էին, և որոնց հեղինակը հենց ինքն էր:

Ընկույզով կոզինախ
Անհրաժեշտ բաղադրիչներ
600 գր. ընկույզ
350 գր.մեղր
9 ճ. գդալ շաքարավազ
Կոզինախն արևելյան քաղցրավենիք է: Ամենից հաճախ կոզինախը պատրաստում են ընկույզից, որը միացնում են իրար մեղրի և շաքարավազի խառնուրդով: Դրանից հետո զանգվածից շերտ են ձևավորում, թողնում են սառչի և կտրատում են:
Կոզինախ կարելի է պատրաստել ընկույզից, քնջութից, գետնանուշից և այլն:
Պատրաստման եղանակ
Ընկույզները կեղևազրկել, սուր դանակով կտրատել, մաղել` թեփերից մաքրելու համար, թեթևակի բովել: Մեղրը շաքարավազի հետ եփել մարմանդ կրակի վրա այնքան ժամանակ (երբեմն-երբեմն խառնել), մինչև ստացվի միասեռ զանգված:
Ընկույզը լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել հալեցված մեղրի և շաքարավազի խառնուրդը, գդալով լավ խառնել:
Հետո ստացված զանգվածը շրջել թաց տախտակի վրա և թաց գրտնակով գրտնակել և 1 սմ հաստությամբ շերտ ձևավորել: Մի փոքր սառելուց հետո կտրատել և հյուրասիրել:
Քաղցրավենիքն այս հաճախ էր պատրաստում Թումանյանի դուստրը՝ Թամարը, և մատուցում այն թեյի հետ:
Ագդակ

Անհրաժեշտ բաղադրիչներ
1 բ. ալյուր
1 ձու
50 գր կաթի սեր
1 թ. գ. սոդա
յուղ՝տապակելու համար:
Պատրաստման եղանակը
Հունցել խմորը, թողնել հանգչի 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ կտորների և տապակել տաք յուղի մեջ: Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:
Նույն կերպ էր պատրաստում Թումանյան ընտանիքը՝ հատկապես Թումանյանի մայրիկը՝ Սոնան:

Թել պանիրով ձվածեղ
Անհրաժեշտ բաղադրիչներ
ձու
կարագ
թել պանիր
աղ, պղպղեղ
Պատրաստման եղանակը
Անալի թել պանիրը (ջիլ) (կամ եթե աղ դրած է, նախապես 2 ժամ թողնում են ջրի մեջ) նախօրոք մանրացնում ենք: Թավայի մեջ լցնում ենք կարագ, այն դաղվելուց հետո ավելացնում ենք թել պանիրը և անընդհատ խառնում: Համասեռ մասսա դառնալուց հետո, ավելացնում ենք հարած ձու: Մատուցվում է տաք վիճակում:
Թումանյանները նախընտրում էին թել պանրի հետ խառնել նաև ռեժան, իսկ ձվի մեջ մանրացրած սպանախ ավելացնել: