Ասպետականությունից՝ անմահություն. Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի հուշ-երեկոն

Հոկտեմբերի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Արցախյան պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում: Հայկը կդառնար 21 տարեկան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշ-երեկոյին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հերոսների ընտանիքների անդամներ, հյուրեր:

hayk

Միջոցառման սկզբում նախ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին բոլոր ընկած հերոսներին, իսկ հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը: Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան հերոսի ուսուցիչները, ընկերները, նաև Հայկի սիրած երգիչ-երգչուհիները:

Հայկը մանկուց զբաղվել է շախմատով: Մասնակցել է Հայաստանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին: Նա բազմաթիվ հաջողություններ է գրանցել այս ոլորտում, սակայն 2018 թվականից թողել է այն:

patvogrer

Հերոսը ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նա բազմաթիվ նպատակներ ու երազանքներ ուներ և լիահույս էր, որ կհասցնի բոլորը իրականացնել:

2019 թվականի հունվարի 23-ին Հայկը զորակոչվել է հայկական բանակ։ Նա կրտսեր սերժանտ էր, իսկ հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։

heros

Հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախման ժամանակ մասնակցել է Չինարի մարտերին։ Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Տաղավարտի, Դրախտիկի և Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին:

Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսներին: