Այս ռուսական երգիչն իրեն հայ է համարում. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը ծագումով հայ ռուսական փոփ-երգիչ Աբրահամ Ռուսսոյի մասին է: Երգչի իրական անունն է՝ Աբրահամ Ժանի Իփջիյան: Ազգանունն արդեն իսկ հուշում է երգչի հայ լինելու մասին:

Աբրահամ Ռուսսոն ծնվել է 1969 թվականի հուլիսի 21-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Հայրը՝ Ժանը, Երկրորդ աշխարհամարտի մասնակից էր, Ֆրանսիական լեգեոնի անդամ, մայրը՝ Մարիան, բուժքույր է։

Երբ Աբրահամը 7 տարեկան էր, նրա հայրը մահանում է, և նա մոր և եղբոր հետ տեղափոխվում է Փարիզ:

Ֆրանսիայում նա մասնակցում է տարբեր երաժշտական մրցույթների, հետո մի քանի տարի անցկացնում Լիբանանի փակ վանքում։

16 տարեկան հասակից սկսում է գումար վաստակել ընտանիքի համար՝ երգելով սրճարաններում և ռեստորաններում։

Համալսարանն ավարտելուց հետո սկսում է երգարվեստ պարապել պրոֆեսիոնալ մակարդակով։

1999 թվականին՝ սրճարանում երգելու ժամանակ, Աբրահամին նկատում է ռուս գործարար, ռեստորանատեր Թելման Իսմաիլովը և հրավիրում Մոսկվա։ Մոսկվայում ծանոթանում է պրոդյուսեր Իգոր Պրիգոժինի հետ, և սկսվում է երգչի պրոֆեսիոնալ երգչի կարիերան։

 2001 թվականին լույս տեսավ նրա առաջին «Amor» ալբոմը։ Աբրահամը տիրապետում է 11 լեզուների՝ հայերեն, հունարեն, արաբերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և այլն։

2007 թվականին երգչի նկատմամբ մահափորձ է արվում, և Աբրահամը ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան, այնտեղից էլ՝ ԱՄՆ։