«Կամանդի՛ր, մենակ եմ»․ զինվորի ու հրամանատարի վերջին խոսակցությունը
Արցախյան 44-օրյա պատերազմում իր կյանքը տվել է նաև Հովիկ Գրիգորյանը։ Նա ծնվել է 1996 թվականին Արցախում՝ Մարտունու շրջանում։
Ծառայել է հետախուզական ջոկատում՝ լինելով ջոկատի ամենակրտսերը, եղել է պայմանագրային զինծառայող։
Պատերազմի օրերին էլ Հովիկն առաջնագծում էր։ Թեև ընտանիքի անդամներին վստահեցնում էր, որ ամեն բան լավ է, նա մենակ է մնացել մարտի դաշտում և հերոսաբար չնահանջելով՝ զոհվել։ Վերջին անգամ նա խոսել է հրամանատարի հետ։

Նրա դասակի հրամանատար Առաքել Գրիգորյանը պատմում է․ «Կապ տվեց, ասաց՝ կամանդի՛ր, մենակ եմ․ չհասցրի ասել՝ հասնում եմ»։ Մոտ 500 մետր հեռավորություն էր Հովիկի և հրամանատարի միջև, սակայն երբ տեղ հասան, տեսան, որ դիրքն ամբողջովին հողին էր հավասարվել։
Հովիկ Գրիգորյանին այժմ հարազատներն, ընկերները, մարտական ընկերներն ու սիրելին այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոնում։