Իսկ դուք Երևանում գտնվող այս լճերի մասին ի՞նչ գիտեք
Երևանի Աղի լիճ
1980-ական թվականներին Էրեբունու շրջանից ոչ հեռու տրիկոտաժի ֆաբրիկային հարակից տարածքից գաջի հումք և քարի մշակման ցեխի համար բազալտե քարեր հանելուց հետո` նրանց տեղում ստորգետնյա աղբյուրներից բխած բնական աղաջրով լցվելով գոյացել էր Աղի լիճը: Լճի ջրի աղայնությունը մոտ 13% է` ինչի շնորհիվ այնտեղ լողալը շատ դյուրին է: Առանց ջանք գործադրելու ջրի վրա կարելի է պառկել, կամ ջրի միջով ուղղակի քայլել: Ջրում կա սուլֆիդային և կալցիումային աղեր,փոքր քանակության ծծմբաջրածին, որը մասնագետների վկայությամբ հակաբորբոքային ազդեցություն ունի և կերակրի աղի հետ ջրին օժտում է կրկնակի բուժիչ հատկությամբ: Մեծ լճի արևելյան և հյուսիսային ափերը շրջափակող փարթամ եղեգները լճին տալիս են գեղատեսիլ տեսք, իսկ ջրի մեջ թափված նրանց տերևներն` իջնելով լճի հատակը, քայքայվելով խառնվում են բուժիչ բաղադրիչներով հագեցած ջրին, վերածվում սև, թանձր տիղմի ու նստում լճի հատակին, որը ցեխաբուժությամբ հետաքրքրվողներն օգտագործում են բուժման նպատակով:

«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977 թվականին և ունեցել է 400,43 hա տարածք: Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արևելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ և պարտեզային ձևեր` եղևնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արևմտյան, 300 տեսակի անոթավոր բույսեր, և այլն: Անտառապարկից դուրս մնացած տարածքը, որը կազմում է ամբողջ պարկի անտառածածկ տարածքի մոտ 10 տոկոսը, գտնվում է Գառնի-Երևան խճուղու վրա: Այստեղ են աճում Հայաստանի ամենագեղեցիկ սոճիները, և որ ամենակարևորն է, այստեղով են անցնում Անտառապարկը ոռոգող հիմնական ջրագծերը: Անտառի խորքում է գտնվում նրա հիմնական ոռոգող բնական լիճը։
