Միակ հայը Ֆորմուլա 1 միջազգային մրցաշարերում․ ո՞վ է նա

Արթուրը ծնվել է 1988 թվականին Նինոծմինդա գյուղում` նախնինները Մուշից և Էրզրումից էին։ Փոքր տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել մեքենաների նկատմամբ և առաջին անգամ չորս տարեկանում նստել է պապիկի մեքենայի ղեկին և հարվածել այն։ Կարծես թե այս ամենով պետք է ավարտվեր Արթուրի՝ մեքենաներով հետաքրքրվելը, բայց այս դեպքը էլ ավելի է մեծացնում Արթուրի հետաքրքրությունը։

17 տարեկանում Գորոյանը Ռուսաստանում առաջին անգամ գնում է կարթինգի դպրոց և հասկանում , որ ճիշտ տեղում է։ 2009 թվականից կարթինգով սկսվում է Արթուրի մարզական կարիերան և դառնում է Ռուսաստանի չեմպիոն։ Հետո նա մրցում է GT1, GT2, GT3 և տեղափոխվում ավելի բարձր մակարդակ:

2013 թվականին Արթուրը ստանում է C կարգի արտոնագիր, որը թույլ է տալիս նրան մասնակցել միջազգային առաջին կարգի մրցարշավներին։ Արթուրը, առանց վարանելու, ընտրում է Հայաստանը և սկսում է ներկայացնել իր պատմական հայրենիքը։ Գորոյանը հաջողությամբ հանդես է գալիս ինչպես Ռալլիում, այնպես էլ 6, 12 և 24 ժամ տևողությամբ մրցարշավներում։


Մինչ օրս Արթուրի ամենամեծ ձեռքբերումը Գերմանիայի Նյուրբուրգրինգի մրցանակն է, որը համարվում է աշխարհում ամենահեղինակավորն այս կարգի մրցաշարերի շրջանում։ Հայ ավտոարշավորդն առաջին անգամ գրավեց երրորդ տեղը և Հայաստանի համար նվաճեց առաջին բրոնզե մեդալը։ Արթուրը մրցում է Audi RS3 TSR դասի ավտոմեքենայով․ այս մեքենայով Գորոյանը բարելավել է իր արդյունքը Նյուրբուրգրինգում և 2017 թվականին դարձել երկրորդը։
Արթուրը այժմ համարվում է միակ հայ վարորդը, ով ունի C կարգի վկայական։