Սուրբ Թերեզա եկեղեցու հայ երգեհոնահարը

Խոսքը գնում է ամերիկահայ երաժիշտ և երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի մասին։

Պերճ Ժամկոչյանը  ծնվել է Բոստոնում 1930 թվականի ապրիլի 20-ին: 1951թ. ավարտել է Նյու Ինգլանդի կոնսերվատորիան: 1951թ. Ելույթներով հանդես է եկել «Բոստոն սիմֆոնիկ հոլլում»: Եղել է Բոստոնի երաժշտական քոլեջի երգեհոնային բաժնի ղեկավարը, Չիկագոյի կոնսերվատորիայի պատվավոր դոկտոր։

1957թ-ից՝ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երգեհոնահար, նվագախմբի մենակատար և անդամ, ապա Սուրբ Թերեզա եկեղեցու երգեհոնահար։

Ամերիկացի առաջին երգեհոնահարն էր, ով 1965թ. համերգային շրջագայությամբ այցելել է Խորհրդային Միություն: Ունեցել է մի շարք համերգներ համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Համերգացանկը ընդգրկել է Բախի, Հենդելի, Ֆրեսկոբալդիի, Մեսիանի, Դյուպրեի, Պուլենկի, Վիվալդիի, Ֆրանսկի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, հայկական միջնադարյան հոգևոր երաժշտություն, հայ սովետական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կատարել է Կոմիտասի, Մակար Եկմալյանի ստեռծագործությունները։

Հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Հայաստանում և այլուր։ 1965թ-ից պարբերաբար ելույթներ է ունեցել Հայաստանում:

Նրա «Սրբերից սուրբը» և «Փուլենք» երգեհոնի համերգները «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել են բոլոր ժամանակների 50 լավագույն ձայնագրություններից մեկը։

Պարգևատրվել է շքանշաններով կարդինալ Աղաջանյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանի նախագահի կողմից։ 1957թ. Փարիզում արժանացել է Հոգևոր երաժշտության 1-ին կոնգրեսի 1-ին մրցանակին։ 1983թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակին։ Մահացել է Բոստոնում 2004 թվականի փետրվար 21-ին: