Միայն իմանաք՝ ով էր ՄԻԳ ռազմական օդանավերի նախագծողը
Խոսքը աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ (Անուշավան) Հովհաննեսի Միկոյանի մասին է:

Արտեմ Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 23֊ին (օգոստոսի 5֊ին), Սանահին գյուղում։ Արտեմն ուներ երկու քույր և երկու եղբայր։ Նրա հայրը՝ Հովհաննես Ներսեսի Միկոյանը (1856-1918 թթ.), աշխատում էր Մանեսի պղնձաձուլական գործարանում։ Մայրը՝ Թալիդա Օթարի Միկոյանը (1867-1960 թթ.), տնային տնտեսուհի էր։
Նախնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում (երկու դասարան): Ապա, հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։
1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների «Красный Аксай» գործարանում, իսկ երեկոները հաճախել է ՊՏՈՒ֊ի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նորից որպես խառատ աշխատանքի է անցնում «Динамо» գործարանում, և շարունակում է այդտեղ աշխատել ընդհուպ մինչև 1928 թվականը։ 1928 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ԲԳԿԲ֊ի շարքերը։ 1929 թվականի օգոստոսին տեղափոխվել է Օրյոլ քաղաքի Իվանովո ֊Վոզնեսենսկի զինվորական դպրոցը։
Բանակային ծառայությունից հետո կուսկոմի քարտուղար է աշխատել Մոսկվայի «Компрессор» գործարանում։ 1931 թվին Միկոյանը ուսումնառության է ուղարկվում Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա։
1935 թվականին արտադրական պրակտիկայի է գործուղվում Խարկով քաղաք։ Ակադեմիայի այլ ուկնդիրների հետ միասին նա կառուցում է իր առաջին ինքնաթիռը՝ թեթև «Октябрёнок»֊ը, որը արժանանում է Գլխավոր աէրոակումբի բարձր գնահատականին։ 1936 թվականի գարնանը Միկոյանը սկսում է աշխատել դիպլոմային նախագծի վրա։ 1937 թվականի հոկտեմբերի 22-ին պաշտպանում է դիպլոմային աշխատանքը, և նրան շնորհվում է ԲԳԿԲ֊ի ՌՕՈՒ֊ի ռազմական ինժեներ֊մեխանիկի կոչում։