Փարաջանովը և քրդուհու ականջօղերը. զավեշտալի դեպք հանճարի կյանքից

Հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը պատմում է.

_ Մի օր Փարաջանովն արթնացրեց ինձ ու միասին գնացինք շուկա: Ես նրա հետ արդեն եղել էի շուկայում, և դա մեծ բավականություն էր։ Ի՞նչ խելոք էր սակարկում, ժամերով վիճում, նվազագույնի իջեցնում գները և  հետո գնում նախնական գնով։ Պարզապես այդ ամենից նա մեծ բավականություն էր ստանում։ Այս անգամ պիտի հավ գներ և անպայման` սև։ Մենք մոտեցանք մի քրդուհու, որը չորս հավ ուներ, որոնցից երեքը` սև։ Փարաջանովը գին էր սակարկում, երբ հանկարծ, իբր պատահաբար նկատեց քրդուհու ականջօղերը: Դրանք հասարակ անագե ականջօղեր էին, փոքրիկ մարջաններով:

Փարաջանովը սկսել խնդրել կնոջը, ր իրեն վաճառի այդ օղերը: Քրդուհին չէր համաձայնում, հետո էլ սկսեց շատ բարձր գին ուզել: Ի վերջո գնեցինք դրանք, հավն էլ, ու վերադարձանք տուն:

Այդ երեկո Փարաջանովի տանը մեծարգո հյուրեր էին գալու: Նա խնդրեց հարևանուհուն եփել այդ հավը, որ երեկոյան հյուրասիրեին: Գալու էր հայտնի երգյուհի Նանի Բրեգվաձեն, Մեծ Բրիտանիայի դեսպանի կինը, հայտնի լրագրողներ…

Երեկոյան 8-ին հյուրերը եկան: Երեկոն բավականին աշխույժ էր անցնում: Փարաջանովը և շփվում էր հյուրերի հետ, և կոլաժ էր պատրաստում: Իսկ դեսպանի կինը ուշի ուշով հետևում էր նրան: Հանկարծ Փարաջանովը գնաց խորդանոց և այնտեղից բերեց մի մեծ սնդուկ: Նա սկսեց հանդիսավոր կերպով հանել հին ու յուրահատուկ իրեր դրա միջից, իսկ վերջում հանեց… քրդուհու ականջօղերը:

Փարաջանովը դեսպանի կնոջն ասաց, որ այդ օղերը եղել են Թամար թագուհունը, և որ նա մեծ սիրով դրանք նվիրում է իրեն: Դեսպանի կինը չէր համարձակվւմ դրանք վերցնել, իսկ մի քանի վրացի պաշտոնյաներ շինծու ժպիտով վրդովվում էին, ասելով, որ դրանք չի կարելի նվիրել, քանի որ դրանք երկրի սեփականությունն են: Ի վերջո դեսպանի կինը ընդունեց նվերը, և Փարաջանովին տվեց մի թանկարժեք տեսախցիկ: Հաջորդ օռն էլ Փարաջանովը այդ տեսախցիկը նվիրեց իրենց հարևան միլիցիոների տասնութամյա որդուն, որը լուսանկարչությամբ էր զբաղվում: