ՙՙՆորմալ ա, մա՛մ ջան, մեր մոտ չեն կրակում՚՚. Արմավիրի մարզում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ՀԵՐՈՍ Էրիկ Աբրահամյանի հիշատակին նվիրված երեկոն. նա կդառնար 20 տարեկան

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում խնկարկման ու ծաղիկների խոնարհման օր էր: Այնտեղ էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած  19-ամյա  Էրիկ Աբրահամյանի  հարազատները, ընկերները, հերոսածին մայրերը:

Այսօր արմավիրցի Էրիկը, որ արդեն ողջ մարզում հայտնի է որպես հերոս, պետք է դառնար 20 տարեկան: Վերջին անգամ՝ մեկ տարի առաջ այդ օրը, խոսեց ծնողների հետ, ընդունեց շնորհավորանքներ, իսկ արդեն հաջորդ օրը թուրք-ադրբեջանական հրոսակների հարձակումից հետո մահացու վիրավորում է ստանում ու  կարճ ժամանակում ծառայության մեջ սիրված Էրիկը բռնում է հավերժի ճամփան: 

Ներկաները  ճիշտ է, մեծ ցավով, սակայն հպարտությամբ էին խոսում Էրիկի  մասին, ասելով. «Մենք նրան ու նրա նման բոլոր հերոսներին, ովքեր  զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, բացակա չենք դնի: Նրանք իրենց կյանքը տվեցին մեր կյանքի համար»: Ապա հերոսի ծննդյան առթիվ Արմավիր քաղաքի «PH» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ մեծարման երեկո:

Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը ծնվել է 2001թ նոյեմբերի 2-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով՝ մարտեր առանց կանոնների, Ֆուտբոլ, ըմբշամարտ և Չինական բոքս։ Էրիկը սովորում էր ՏԱՏՀ-ի Ֆինանսներ բանկային գործ և ապահովագրություն բաժնում՝ երկրորդ կուրսում։

2019թ.-ին կիսատ թողնելով ուսումը, Էրիկը զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել ԱՀ Մարտունի 3-ում։ Էրիկը հրետանավոր էր։ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում եղել է Մարտունու 146 դիրքում, որը թշնամուց 50 մետր էր հեռու։ Հրետանավոր լինելով, Էրիկը իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն, ոչնչացնելով կենդանի ուժ և տեխնիկա։ Էրիկը շատ մեծահոգի ու նվիրված տղա էր։

Էրիկը վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Բոլորը հիանում էին նրա՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին մաքրությամբ ու գեղեցկությամբ։ Միշտ ժպիտը երեսին էր անկախ տրամադրությունից, նա բոլորին միշտ կարողանում էր վարակել իր ժպիտով։ Ցանկացած իրավիճակում կարողանում էր ելք գտնել, ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու էր գտնում։ 

Պայծառ, լուսավոր ու կյանքով լի էր Էրիկը, հայրենիքի համար բարձր գերբարձր պատասխանատվությամբ։ Նոյեմբերի 2- ին՝ իր ծննդյան օրը, Էրիկը վերջին անգամ է խոսել ծնողների, բոլոր հարազատ, բարեկամների ու ընկերների հետ. «Նորմալա, մամ, մեր մոտ չեն կրակում, հետո կզանգեմ,»: Դրանք Էրիկի վերջին խոսքերն էին:

ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ստացել է ծանր վիրավորում, երբ ընկերները փորձել են օգնել, չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է. «Տղեք, դուք փախեք, դուք գնացեք, կասեք կգան ինձ կտանեն էստեղից»։ Ավաղ, դա եղավ Էրիկի վերջին խոսքն ու շունչը։ Նա զոհվել է նոյեմբերի 3-ին։ Էրիկը պարգևատրվել է Հետմահու Արիություն մեդալով (Մարտական ծառայություն), Հայաստանի Հանրապետություն «Մարտական Խաչ» մեդալով, իսկ ավելի վաղ Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից «Տիգրան Մեծ» մեդալով և բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով։