«Սրանով մի քիչ զբաղվեք»․ Կարո Փայլանը ծաղրել և խաղալիք է նվիրել թուրք նախարարին

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայ պատգամավոր Կարո Փայլանի ելույթը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցամամբ՝ Թուրքիայի բյուջեի քննարկումների ժամանակ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը  արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարին խաղալիք տիեզերանավ է նվիրել և ասել.

 «Դուք բյուջեում նախատեսել եք 6 մլն դոլար տիեզերական գործակալության համար, բայց այդ գումարով դուք հազիվ տիեզերանավի դիմապակին գնեք։  Քանի որ 6 միլիոն դոլարով տիեզերք չեք կարող գնալ, ես ձեզ այս խաղալիք տիեզերանավն եմ նվիրում։ Հիմա սրանով ձեզ մի քիչ զբաղեցրեք»,–ասել է Կարո Փայլանը՝ շեշտելով, որ այն երկիրը, որի քաղաքացին տրանսպորտի գումար չունի  չի կարող լուսին թռնել։

«Այն երկիրը, որը անտառների հրդեհները մարելու համար օդանավ չունի, չի կարող տիեզերք թռնել, սկզբում ունեցեք հրդեհները մարող օդանավեր, ապահովեք քաղաքացիներին տրանսպորտ նստելու գումարով, նոր թռչեք լուսին»,–շեշտել է Կարո Փայլանը։