Սյունիքի ԽՈՐՏԱԿՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ. չքնաղ բնության առեղծվածը

Սյունիքի մարզի Տոլորս գյուղում է տեղակայված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին. այս կառույցը կանգուն է եղել 19-րդ դարից սկսած, այն կառուցել են Տեր-Մինասյանները, որոնք այս կողմերի հոգևոր հայրերն էին։ Շինությունը,սակայն, ավելի հին է, իսկ 19-րդ դարում միայն վերակառուցվել է։ Մեր օրերում Սուրբ Հռիփսիմեն կարելի է համարել ստորջրյա եկեղեցի, այն, սուզանավի պես, ապրում է ջրի տակ՝ միայն երբեմն-երբեմն գմբեթը ջրի երես հանելով, տարվա այն ամիսներին, երբ ջրի մակարդակն իջնում է։

Մինչ օրս եկեղեցին մեծ վնասներ է կրել, ու իհարկե, չի պահպանել իր նախկին տեսքը. ջուրն ու ջրի մակարդակի տատանումներն արել են իրենց գործը, սակայն այն Սյունիքի հրաշքներից մեկն է

Հնագետները վկայում են, որ տարածաշրջանը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ Շատ ավելի ուշ՝ արդեն խորհրդային տարիներին՝ 1960-ականներին իշխանությունները որոշեցին գյուղի տարածքում ջրամբար կառուցել, իսկ գյուղը՝ տեղափոխել։ Բնակիչները նախընտրեցին շատ հեռու չգնալ հարազատ գյուղից ու տեղավորվել մոտակա, ավելի բարձրադիր վայրում։

Սկսվեցին նոր գյուղի կառուցման ու ջրամբարի շինարարական աշխատանքները։ Բնակիչները, որպես փոխհատուցում, իրենց հին, հողե տնակների փոխարեն քարաշեն ու երկհարկանի տներ էին ստանում, ու ստանալուն պես՝ տեղափոխվում։ Հենց այդ տարիներին են գյուղացիները եկեղեցու գմբեթին խաչ դրել, որը, սակայն չի պահպանվել։ Բնակիչներին հաջողվել է փրկել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը. այն կարելի է համարել եկեղեցու ծննդյան վկայականը. այսպիսով, դրանք տեղափոխվել են նոր գյուղի գերեզմանատուն։ Բարավորը վկայում է, որ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1861 թվականին։