Որտե՞ղ են տպում հայկական «դրամը»
Հայկական դրամ Հայաստանի ազգային արժույթն է։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում։ «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից։
Հայաստանի ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»։

Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝
- «OeBS» ընկերություն
- «Giesecke & Devrient» ընկերություն
- Լեհաստանի դրամահատարան
- «De La Rue» ընկերություն
- Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան
- «Joh. Enschede» ընկերություն
- Նիդերլանդների արքայական դրամահատարան
- Կրեմնիցայի դրամահատարան
- Ֆինլանդիայի դրամահատարան