«Հորական կողմից պատկանում եմ հին արցախյան տոհմին». ՌԴ արվեստի վաստակավոր գործչի խոստովանությունը

Խոսքերի հեղինակը  Մոսֆիլմ կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովն է: Նա ծագում է հայ ազնվական իշխաններ Մելիք-Շահնազարյանների տոհմից, ովքեր միջին դարերում իշխում էին Լեռնային Ղարաբաղի Վարանդա գավառում: Որոշ հեղինակներ կարծում են, որ Մելիք-Շահնազարյաններ իշխանները սերում են անտիկ Գեղարքունի և Սյունի տոհմերից, ովքեր, իրենց հերթին, ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ ծագում են հայերի նախահայր Հայկից:

Կարեն Շահնազարովը ծնվել է 1952 թվականին Կրասնոդար քաղաքում։ Հայրը՝ Գեորգի Շահնազարովը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ էր, եղել է Մ. Գորբաչովի օգնականը և «Վերակառուցման» քաղաքականության հեղինակներից մեկը։ Մայրը՝ Աննա Շահնազարովան ազգությամբ ռուս է, մասնագիտությամբ՝ թատերագետ։

1975 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը:

1973-1974 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ»-ում որպես ռեժիսորի օգնական, 1975 թվականի հունիս-հոկտեմբեր՝ կինոռեժիսոր, 1976 թվականից Մոսֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, իսկ 1984 թվականից նույն կինոստուդիայի կինոռեժիսոր-բեմադրիչ:

Շահնազարովի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ արժանանալով ավելի քան 20 մրցանակի, այդ թվում՝ 2 «Ոսկե արծիվ»-ի։

Շահնազարովը ՌԴ Նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նախագահի տեղակալն է։

 Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ շատ է ուզում լինել Արցախում:

 Մի անգամ կրտսեր որդու հետ եղել է Երևանում և նրան առաջարկել են գնալ Արցախ, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Իսկ առայժմ Շահնազարովը Արցախը պատկերացնում է միայն հոր պատմելով։

 Ի դեպ, Շահնազարովը ամուսնացած է եղել 3 անգամ։ Առաջին ամուսնությունն արագ քայքայվել է։ Երկրորդ կինը՝ Ալյոնա Զանդերը, հեռացել է նրանից 1989 թվականին և դստեր հետ մեկնել ԱՄՆ։ Երրորդ կինը՝ դերասանուհի Դարիա Մայորովան է։ Շահնազարովն ունի 3 երեխա՝ Աննան երկրորդ ամուսնությունից և 2 որդի երրորդ ամուսնությունից՝ Իվան և Վասիլի Շահնազարովները: