Հուշեր հերոսի մասին։ Պատմում է Նժդեհի թոռնուհին

Ես ոչինչ չգիտեի պապիկիս մասին, դա իմ ողբերգությունն էր:

Միշտ լսել եմ` ֆաշիստի թոռ, մայրիկիս համար` ազգի դավաճանի երեխա: Սարսափելի բան էր: Պատկերացրեք` ես էլ էի այդպես կարծում, մյուսների պես գիտեի, թե իմ պապը դավաճան է եղել:

Մտածում էի՝ ինչու է այդպես, ինչու իմ ու խեղճ մորս բախտը չի բերել: Եվ միայն 1981թ. զգացի, թե ինչքան եմ սխալվել: Փարիզ էի մեկնում հյուրախաղերի, Սունդուկյանի թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը ականջիս փսփսաց, թե` ուզո՞ւմ ես պապիդ մասին մի երգ երգեմ, ու հենց ինքնաթիռի մեջ սկսեց երգել, հետո էլ ասաց` գիտե՞ս՝ ինչ պապ ես ունեցել, նրա մասին գիրք ունեմ, որ վերադառնանք, կտամ կկարդաս:

Այդ գիրքը կարդացի, տվեցի մայրս էլ կարդաց, հուզվեց: Նրան հարցրի` հանգստացա՞ր, հայրիկիդ մասին այսպիսի դրական գնահատականներ էլ են տվել: Արևմտահայերենով գրված գրքի միջոցով ծանոթացա Նժդեհին ու միանգամից տարվեցի նրանով` որպես հասարակական-պետական գործիչ, մեծ մտածող ու հայրենասեր: Իսկ 1988թ. արդեն նախկին սխալ զգացմունքներիս փոխարինելու եկավ հպարտության զգացումը:

1988թ. իմ առաջին բեմադրությունն էր Պատանի հանդիսատեսի թատրոնում, մայրս էլ հիվանդանոցում էր, ու ես անընդհատ վազքի մեջ էի: Ուտելիք վերցրած՝ արագ-արագ գնում էի նրա մոտ: Ինչպես հիշում եք, այն ժամանակ քաղաքում շիլաշփոթ էր, միտինգներ էին, մարդիկ անցնում էին տարբեր ցուցապաստառներով: Օպերայի մոտով անցնելիս հանկարծ մի նկար տեսա, ինչ-որ ծանոթ բան զգացի, չգիտես ինչու, մոտեցա այդ նկարը բռնած երիտասարդին, հարցրի` ո՞ւմ նկարն է: Այդ տղան մի տեսակ զայրացած նայեց վրաս, պատասխանեց` դու հա՞յ ես, Նժդեհին ինչպե՞ս չես ճանաչում: Այնպես «շմփացրեց» երեսիս, որ անակնկալի եկա, ինքն էլ շրջվեց ու արհամարհանքով գնաց: Արագ-արագ հասա հիվանդանոց, մայրիկիս ուրախ-ուրախ ասացի, մա՛մ, հորդ նկարները արդեն տանում են փողոցներով, գիտե՞ս: Մայրս միայն տխուր ժպտաց…