Պետրոս Դուրյանի և նրա եղբոր երազները բանաստեղծի մահից 3 օր առաջ
Պետրոս Դուրյանը հայ գրականության այն հանճարեղ պատանիներից մեկն էր, ով իր թողած փոքր գրական ժառանգությամբ մինչ օրս իր բացառիկ տեղն ու դերն ունի։ Դուրյանի մահն այդ ժամանակի Սկյուտարի ողբերգություններից մեկն էր։ Այդ ողբերգության մասին շատ է գրվել, երբեմն շրջանցվել են ինչ-ինչ բացառիկ փաստեր ու տեղեկություններ։ Այդ փաստերը երբեմն առավել տարօրինակ են դարձնում Դուրյանի մահվան հանգամանքը։ Հայ ականավոր գրող, քննադատ և լրագրող Արշակ Չոպանյանը, իր գեղարվեստական ստեղծագործություններից զատ, զբաղվում էր նաև հայ մեծերի կյանքի ու ստեղծագործության մասին իր գրականագիտական ուսումնասիրություններով։ Չոպանյանն անդրադառնում է Դուրյանի և Դուրյանի եղբոր երազներին, որոնք նրանք տեսել էին բանաստեղծի մահվանից երեք օր առաջ:

«1872թ. հունվարի 21-ին հինգշաբթիե ուրբաթ լուսանալու գիշերը Պետրոս Դուրյան կմեռնի, արտասովոր զմայլելի մահով մը, միշտ իբր մարմնացած խորհրդանշան մը, իբր գերազանց իսկությամբ արարած մը, իբր կենդանի քերթված մը։
Այդ աղետալի գիշերեն երեք օր առաջ երազ մը կտեսնե։ Երեք հոգևորականներ կերևան իրեն, որոնք զինքը հարսնիքի կհրավիրեն։ Ու մահվան անկողնին մեջ, հիվանդը տխուր ժպիտով մը կմեկնե այդ հարսանիքը, որ «վերը պիտի կատարվի»։ Տարօրինակ զուգադիպությամբ մը իր հուղարկավորությանը երեք քահանաներ ներկա կգտնվին։
Պզտիկ Միհրանն ալ իր եղբորը մահվան գիշերը երազ մը կունենա, ոչ նվազ խորհրդավոր․ կտեսնե Պետրոսը, որ, իր պարսկական շալը ուսերուն առած, դանդաղելով դեպի տուն կուգա։ Միհրան քար մը կնետե անոր ու կսե՝ «Ինչո՞ւ գինովի պես կքալես»։ Եվ ահա Պետրոսը կապույտ աչքերով կնոջ մը կփոխվի, որ վերմակներու առջև կերկրպագե»։