«Մատանիների տիրակալը», «Կարիբյան ծովի ծովահենները»։ Ո՞վ է այն հայ հանճարը ով գրավել է համաշխարհային ֆիլմարտադրությունը

Ռեժիսոր, անիմատոր, տեսողական էֆեկտների մասնագետ Ռոջեր Կուպելյանը ֆիլմարտադրության ոլորտում աշխատում է դեռ 90-ականներից: Նա համաշխարհային կինոարտադրությունում հայտնի է «Տիեզերական Ջեմը», «Մատանիների տիրակալը», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Բեթմենը եւ Ռոբինը», «Դա Վինչիի հրեշները», «Կարիբյան ծովի ծովահենները» եւ բազմաթիվ այլ ֆիլմերում ու  հեռուստասերիալներում ստեղծած հեքիաթային աշխարհներով: 

Կուպելյանն ու նրա թիմն այժմ աշխատում են «Բյուզանդիայից արեւելք. պատերազմի աստվածները եւ պատերազմող սրբերը» վավերագրական էպիկական ֆիլմաշարի ստեղծման վրա, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվում են մի շարք երկրներում: Այս օրերին Ռոջեր Կուպելյանն ու իր նկարահանող թիմը Հայաստանում են՝ շարունակելով հունիսին այստեղ մեկնարկած նկարահանումները: Հայաստանյան այցի շրջանակում Կուպելյանը նաև դասախոսություն կարդաց “Թումո” կենտրոնում՝ «Ուղևորություն դեպի Բյուզանդիա. յուրօրինակ ստեղծագործ ընթացք» թեմայով:

«Ես մեծացել եմ Աֆրիկայում` Սիերա Լեոնեում եւ, չնայած այն հանգամանքին, որ հայկական մշակույթն ինձ միշտ ուղեկցել է, դրսի աչքերով եմ դրան նայում: Ես կարող եմ այն դիտարկել թե դրսից, թե ներսից: Հայոց պատմության հերոսական էջերը մեծ ազդեցություն են ունեցել իմ` որպես հայ անհատի ձևավորման վրա, ու եկավ այն պահը, երբ ես օգտագործեցի այդ պատմություններն ինքս ինձ բացահայտելու համար՝ օգնելով հասկանալ իմ ինքնությունը:

Երբ դեռ շատ փոքր էի, հայրս պատմում էր ինձ Հայաստանի պատմության ու մշակույթի մասին: Դա շատ կարևոր էր, քանի որ, երբ հայը մեծանում է հեռավոր Սիերա Լեոնեում, այնքան էլ հեշտ չէ կապ պահպանել ինքնությանդ ու հայրենիքիդ հետ: Հայաստանի պատմությանը ծանոթանալու կարիք ես իսկապես ունեի, ու եկավ մի պահ, երբ հասկացա, որ հետաքրքրված եմ, և միգուցե դա այն պատճառով էր, քանի որ շատ մարդիկ ևս հետաքրքրված էին դրանով: Ինչքան ավելի շատ էի աճում ֆիլմարտադրությունում, այնքան ավելի շատ մարդիկ, որոնց մի մասը նույնիսկ հայեր էլ չէին, ասում էին, որ նման ֆիլմ պատրաստելը հիանալի գաղափար է: