«Գամ բանակից, պետքա սպիտակ Նիվա առնեմ». կարդացեք 20-ամյա հերոս Նարեկ Սահակյանի երազանքներն ու կյանքի պատմությունը

Նոյեմբերի 5-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան 10 և Մամիկոնյանց 19 շենքերի բակում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 20-ամյա հերոս Նարեկ Սահակյանի անվան խաչքար։

ynkerner

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ խաչքարից սպիտակ սավանը իջեցրին հերոսի եղբայրներն ու քույրը: Այնուհետև խաչքարը օծվեց հոգևոր հովվի կողմից: Նվագախմբի կատարմամբ հնչեց ՀՀ պետական օրհներգը, որի ընթացքում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերի հիշատակը:

Նարեկի հարազատները, ընկերներն ու պարզապես ծանոթ-անծանոթ մարդիկ ծաղիկներ խոնարհեցին խաչքարին և ուղևորվեցին Եռաբլուր՝ նշելու հերոսի 20-ամյակը:

narek

Նարեկ Սահակյանը շատ հայրենասեր և ազնիվ տղա էր: Նա մեծ երազանքներ ուներ և սպասում էր վերադառնալուն պես իրականացնել դրանք: Բանակ գնալուց առաջ ասել էր. «Գամ բանակից, պետքա սպիտակ Նիվա առնեմ», և դա նրա ամենասպասված երազանքն էր, որը, ցավոք, մնաց անկատար:

Նարեկին ամենուր շատ էին սիրում՝ թե՛ բանակում, թե՛ ընտանիքում, թե՛ բակում և դպրոցում: Նրան մեծացրել է տատիկը, քանի որ մայրը վաղ է մահացել, իսկ հայրը գտնվում է արտերկրում: Նարեկին ընտանիքի անդամները վերջին անգամ տեսել էին Երդման օրը. այդ օրը ևս նա շատ զուսպ էր կազմակերպված:

xachqar

Հերոսը վերջին անգամ տուն է զանգել հոկտեմբերի 19-ին, երկար խոսել է քրոջ՝ Անուշի հետ, սակայն դա եղավ նրա վերջին զանգը: Այդ օրը երեկոյան նրան տեղափոխում են Մարտունի 2, որտեղ էլ հոկտեմբերի 25-26-ի գիշերը թեժ մարտերի ժամանակ անօդաչուն խլում է Նարեկի և նրա ընկերների կյանքը:

hushataxtak

Նարեկ Կարենի Սահակյանը Արցախի նախագահի 2021թ. N441-Ա հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» արիության մեդալով:

Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր ընկած հերոսներին: