Ի՞նչ նամակ գտան զոհված զինվորի հեռախոսից

44-օրյա պատերազմում անմահացած լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանը 23 տարեկան էր։

Նա սպասում էր 2021 թվականի օգոստոսի 28-ին՝ իր հարսանիքին, բայց այն այդպես էլ չիրականացավ․ Գևորգը զոհվեց։

Ընտանիքի անդամներից շատ ժամանակ ու մեծ ջանքեր պահանջվեցին, որ բացեն նրա երկու հեռախոսների ծածկագրերըու հուշեր գտնեն որդուց։ Հուշերի հետ ամիսներ անց միայն պատահաբար գտան մի նամակ։

«Հիմա 3։33 ա, հուլիսի 19-ը։ Էս նամակը գրում եմ, որովհետև հասկանում եմ՝ վիճակը լուրջ ա ու կարող ա նենց ա ստացվում․․․ որ ես չլինեմ ու ժամանակ չունենամ ձեզ ինչ-որ բան ասելու։ Էս իմ ընտրությունն էր, ոչ մեկը չէր կարա ինձ արգելի բանակ գնալ, սպա դառնալ ու պոստ պահել։ Ես էլ չեմ հասկացել, թե ինչ էր կատարվում հետս, բայց Ռոստովում օրերն էի հաշվում՝ երբ եմ պոստ հասնելու։ Չգիտեմ, բայց իմ տունը պոստում էի տեսնում։ Երևի սա էլ իմ ճակատագիրն էր։ Բոլորիդ շատ եմ սիրում ու շատ գոհ ու շնորհակալ եմ, որ ձեր ընտանիքում եմ ծնվել»,- Մատաղիսում ծառայության ընթացքում իր նամակը Գևորգն այսպես է շարադրել՝ գրելով ամենքին՝ սիրած աղջկան, ծնողներին, երեք քույրերին ու նրանց զավակներին։

Հորդորել է իրենից հետո մի քանի բան այնպես անել, ինչպես ինքը կուզեր՝ իր հետ դնել փոխգնդապետ հոր ուսադիրները, ավտոմեքենան չվաճառել և ամեն տարի 04․09-ին այցելել իր գերեզմանին։

Գևորգի չուղարկված նամակի վերջաբանը, որը թերևս ամենահուզիչն է, մորն ուղղված երախտիքի խոսք ու սիրո խոստովանություն է։

gevorg1

«Մամ, Մարիա-Մանանա, իմ սուրբ, իմ ամեն ինչ, իմ աշխարհ, իմ գանձ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ ծնել ես, դաստիարակել, պահել, մեծացրել։ Թե ոնց եմ քեզ սիրում․․․ բառեր չկան։ Միշտ հավատով մնա, միշտ էդպես սուրբ։ Ես էլ կամ ու կլինեմ քո սրտում։ Եթե ասեն, որ Գևորը չկա՝ խաբում են։ Գևորը կա ու կլինի էնքան ժամանակ, ինչքան որ կաս դու։ Խնդրում եմ երկար կապրես։ Եթե ասեն այսինչ տեղը Գևորի գերեզմանն ա, ծաղիկ կբերես, բայց լուռ ու թաքուն կծիծաղես, որովհետև, եթե ողջ աշխարհն էլ ասի, որ Գևորը չկա, իմացի՝ ես կամ ու քո սրտում եմ, քո մեջ։ Թող սիրտդ հավերժ ապրի, որ սրտիդ մեջ ես էլ հավերժ ապրեմ։ Հիմա լացում եմ, բայց նրա համար, որ հենց հիմա ուզում եմ գրկեմ քեզ։ Ինձ հավերժ երկնային կյանք ա տվել Աստված, իրա մոտ ա տանելու։ Գիտեմ, որ դրախտում եմ լինելու նախ և առաջ քո աղոթքների շնորհիվ։ Ուրեմն աղոթիր ինձ համար, մայր։ Քեզ լավ կնայես։ Բոլորիդ սիրում եմ, համբուրում։ Ձեր հերոս որդի՝ Լեյտենանտ 409»։