Հայաստանի չքնաղ վայրերը. Ախթալա կամ Արծաթե քաղաք

Ախթալա քաղաքը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Լալվարի ստորոտում, Դեբեդի ձախ ափին։ Միջնադարում քաղաքը հայտնի է եղել Պղնձահանք անունով։

Ախթալան 10-րդ դարի վերջին կառուցել են Կյուրիկյան Բագրատունիները, ովքեր սերում էին Գուրգենից (Կյուրիկե` Գուգարքի բարբառով)։ Կյուրիկեն Ախթալայից ոչ հեռու գտնվող Սանահինի և Հաղպատի վանքերի հիմնադիրներ Աշոտ Գ Ողորմած արքայի և Խոսրովանույշ թագուհու որդին էր։

vanq

10-րդ դարի բացառիկ վանքի մոտ տեղակայված բնակավայրը հարյուրամյակներ առաջ ժողովուրդն անվանում էր «Արծաթե քաղաք»՝ այդ մետաղի հարուստ հանքաշերտերի շնորհիվ։ Քաղաքը բարգավաճեց Իրակլի երկրորդ վրաց թագավորի շնորհիվ, ով Սև ծովի ափերից այստեղ էր հրավիրել հույն հանքափորերի։

Ախթալա քաղաքն այսօր հայտնի է իր վանքով, ինչպես նաև պղնձի և մոլիբդենի հանքաշերտերով։ Քչերն են հիշում արծաթի հանքերի մասին, որոնք մի ժամանակ համարվում էին տեղացիների հպարտությունը։

akhtala

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը եղել է Հյուսիսային Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն:

parisp

Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով, և միայն Տիրամոր դեմքն է վնասված Լենկ Թեմուրի հորդաների կողմից: Ամրոցի մոտակայքում գտնվող լեռը կրում է հենց նրա անունը: Որմնանկարները կատարվել են 13-րդ դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է: Այստեղ պատմում են, որ որմնանկարների վառ գույները շեղում էին այցելուներին պատարագից, և քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք: