Ո՞վ է եղել այն հայը, ով առանց ոտքի մի ամբողջ գունդ է գլխավորել և ում համար Ստալինը կենաց է խմել

…1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

Ապագա ծովակալ Հովհաննես (Իվան) Իսահակյանը ծնվել է 1894 թվականի օգոստոսի 22-ին ճանապարհային տեխնիկի ընտանիքում, Կարսի մերձակայքում անհույս ծվարած ցամաքային Հաջիքենդ գյուղում։ Ծնողները, հավանաբար, չէին էլ մտածում որդու` նավաստի դառնալու կարիերայի մասին, բայց, ով գիտի, գուցե իրենց դերը խաղացին կիլիկյան ծովագնացների գեները։

Թիֆլիսում ավարտելով ուսումնարանը` Հովհաննեսն արդեն իր ազգանունը փոխել և Իսակով էր դարձել։ Նա գնաց տեխնոլոգիական ինստիտուտ, իսկ օրվա ապրուստը սկսեց հոգալ ինստիտուտին կից ավտոտնակում` սակավաթիվ ավտոմեքենաների վերանորոգման աշխատանքներ կատարելով։ 1915 թվականի սեպտեմբերին նա դարձավ սև ուսադիրներ կրող գարդեմարին, որոնց «սև» էին անվանում։

Ծովակալ Իսակովը հմտորեն համակարգում էր բանակի և նավատորմի գործողությունները Մերձբալթիկայի, այնուհետև նաև Լենինգրադի պաշտպանության ժամանակ. նրա ղեկավարությամբ են ստեղծվել Լադոգայի, Օնեժսկու, Չուդսկի և Իլմենի ռազմական նավատորմներըՄեծ ջանքեր է գործադրել պաշարված Լենինգրադի ուղղությամբ փրկարար «Կյանքի ճանապարհի» իրականացման հարցում։ Հենց այդ ժամանակ էլ Շլիսելբուրգում Իսակովը կոնտուզիա ստացավ, և նրա ձախ ականջն ընդմիշտ խլացավ։

1942 թվականի հոկտեմբերին Իսակովը հայտնվեց օդային ռմբակոծության տակ Տուապսեի մերձակայքում` մեծ բեկորը խոցեց ոտքը, և միայն երկու օր անց նրան կարողացան հասցնել Սոչիի հոսպիտալ։ Այդ 48 ժամվա ընթացքում նրա մոտ փտախտ սկսվեց, ոտքն անհրաժեշտ էր անհապաղ անդամահատել, այդ պատճառով Սոչի  ուղարկեցին ռազմածովային նավատորմի գլխավոր վիրաբույժին։ Նա էլ հենց հայտնեց հիվանդին, որ անդամահատությունն անխուսափելի է։

Անքակտելիորեն ծովի հետ կապված Իսակովն ուզում էր, որ իր անունը մնա նավատորմում։ Այդ պատճառով նա խնդրեց մահվան դեպքում իր անունով կոչել նոր ականակիր նավերից մեկը։ Ստալինն անմիջապես արձագանքեց, մի այսպիսի հեռագիր կազմվեց. «Մի կորցրե՛ք տղամարդկությունը, ամուր եղե՛ք։ Բժիշկների կարծիքով, Դուք կարող եք ապաքինվել։ Ձեր կինը գալիս է Ձեզ մոտ։ Ողբերգական հանգուցալուծման դեպքում Սևծովյան նավատորմի լավագույն ականակիր նավը կկոչվի «Ադմիրալ Իսակով»։ Առողջություն ենք մաղթում։ Ստալին, Կուզնեցով»։

Այդ հեռագիրը, իհարկե, մեծ դեր խաղաց, որ Իսակովը շարք վերադառնա, բայց առաջին հերթին նրան օգնեց վերադարձնել կամքի ուժն ու լիարժեք ապրելու անհագուրդ ցանկությունը։ «Լինելով նավաստի մինչև արյան վերջին կաթիլը» (այսպես է նրան բնորոշել ռազմական օդաչու Կոկինակին)` նա արդեն 1943 թվականի մայիսին հենակներով վերադարձավ Մոսկվա` իր  գրասենյակ և անցավ ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմի առաջին տեղակալի պարտականություններին։ Խորհրդային ժողկոմի հրամանով 1944 թվականի մայիսի 31-ին Իսակովին շնորհվեց Նավատորմի ծովակալի կոչումը։

1945 թվականի հունիսի 24-ին Մոսկվայում Հաղթանակի շքերթ անցկացվեց։ Իսկ հետո Կրեմլում կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն ողջ խորհրդային քաղաքական և ռազմական բարձրագույն ղեկավարության համար։ Բնականաբար, ներկա էր նաև ծովակալ Իսակովը։

Եվ ահա թե ինչ է հիշում գեներալ Պավել Սուդոպլատովը։ Մարշալները, գեներալները և ծովակալները բաժակ էին բարձրացնում Հաղթանակի և, իհարկե, Ստալինի  համար։ Իսակովը նույնպես որոշեց ելույթ ունենալ, բայց մեկ ոտքով դժվար էր դուրս գալ սեղանի մոտից և առաջ անցնել։ Ստալինը նկատեց դա, անձամբ մոտեցավ Իսակովին և ամբողջ դահլիճին առաջարկեց խմել ծովային հրամանատարի առողջության կենացը։

Գերագույն գլխավոր հրամանատարը ծովակալ Իսակովին մեծ հարգանքով էր վերաբերվում։ Շուտով Ստալինը հրավիրեց Իսակովին Կրեմլ և հայտարարեց, որ նրան կրկին գլխավոր ծովային շտաբի պետ է նշանակելու։ Ծովակալը պատասխանեց, որ առանց ոտքի դժվար կլինի նավեր այցելել։ «Թող այդ պաշտոնին առանց ոտքի, բայց նման գլուխ ունեցող մարդ լինի», — պատասխանեց Ստալինն, ու հարցը փակվեց։

Ստալինի մահից և Բերիայի ձերբակալությունից հետո, երբ իրավիճակը երկրում հանդարտվեց, 1953 թվականի աշնանը Իսակովը կնոջ հետ ժամանեց Հայաստան։ Նա հանդիպեց կաթողիկոս Գևորգ VI-ի հետ, որը նրան հայ ժողովրդի իրական որդի անվանեց։ Ծանոթացավ Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի հետ, մտերմացավ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանյանի հետ։ Իսակովը մահից առաջ սկսեց գիրք գրել մեկ այլ հրաշալի հայ ծովակալի` Ղազար Արծաթագործյանի մասին։ Այդ գիրքը նրա կյանքի միակ գործն էր, որը նա անավարտ թողեց։ Պարզապես չհասցրեց։