Ինչու՞ էր անհետացել Կարո Հալաբյանի անունով հուշատախտակը Սոչիի Ծովային կայարանի շենքի ճակատային մասից

Սոչիի Ծովային կայարանի շենքի վերանորոգումից հետո անհետացած հուշատախտակը, որի վրա գրված էր հայտնի խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի անունը, տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ կրկին տեղադրվել է:

Ծովային կայարանը Սոչիի ամենագեղեցիկ վայրերից է: Հենց այստեղ են առաջին հերթին այցելում զբոսաշրջիկները` նավով շրջելու, տեսնելու կայանած զբոսանավերն ու լուսանկարվելու Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» սիրված կատակերգության հերոսների հուշարձանի մոտ:

Սոչիի Ծովային կայարանի շենքը Ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս Կարո Հալաբյանն է նախագծել: Այն բացվել է 1955 թվականի դեկտեմբերի 15-ին։ Միայն 1950 թվականին ճարտարապետներ Կարո Հալաբյանն ու Լեոնիդ Կարլիկը սկսեցին մշակել շենքի նախագիծը:

Ընդամենը չորս տարվա ընթացքում ստեղծվեց հիասքանչ ճարտարապետական այս հուշարձանը` հարուստ նախասրահով, սպասասրահով, ներքին բակերով: 40 մետր բարձրությամբ սրաձողի վրա աստղ տեղադրվեց, որը հետագայում փոխարինվեց մեկ այլ` Հայրենական պատերազմի շքանշանին նման աստղով:

Սոչիում Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Մելիք Կիվիրյանը մի հետաքրքիր դեպք է պատմել` կապված Կարո Հալաբյանի հուշատախտակի հետ, որը տեղադրվել էր կայարանի շենքի ճակատային մասում` ձախ կողմից:

15 տարի առաջ, երբ շենքը վերանորոգվում էր, ճարտարապետների անուններով հուշատախտակը կորավ:

«Երբ կայարանը վերաբացեցին, պարզվեց, որ հուշատախտակն անհետացել է: Ինչ-որ մեկին դուր չէր եկել, որ հայկական ազգանուն է գրված Ծովային կայարանի շենքի վրա», — ասաց Կիվիրյանը: Դրանից հետո հայ համայնքը սկսեց զբաղվել այն վերադարձնելու հարցով:

Այսօր ճարտարապետական հուշարձանի վրա գրություն կա. «Ծովային կայարանի շենք: 1955 թ.։ Ճարտարապետության ակադեմիկոս Կ. Ս. Հալաբյան: Ճարտարապետ` Լ. Վ. Կարլիկ»:

Հալաբյանի նախագծած շենքերը կարելի է տեսնել շատ երկրներում ու քաղաքներում: Նա է նախագծել Մոսկվայի Ռուսական բանակի թատրոնի և Պիոներների տան շենքերը: 50-ականների սկզբին Հալաբյանը զբաղվել է Մոսկվայում Լենինգրադյան պողոտայի նախագծմամբ:

Հայրենական մեծ պատերազմից հետո Հալաբյանին էր հանձնարարվել Ստալինգրադի վերականգնման խոշոր նախագիծը:

Նա նախագծել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի շենքը: Հալաբյանի նախագծով է կառուցվել նաև Ֆրունզե քաղաքի (ներկայիս` Բիշքեկ) կառավարական կենտրոնի համալիրը, ինչպես նաև Վորոնեժի կայարանը: Նա մասնակցել է նաև Կիևի գլխավոր փողոցի` Կրեշչատիկի վերականգնման գործին: Երևանում և Մոսկվայում կան Կարո Հալաբյանի անունը կրող փողոցներ: