Առաջին հայը, ով արժանացավ ՙՙՕսկար՚՚-ի. նրան հաստատ գիտեք բոլորդ

«Օսկար» կինոմրցանակաբաշխության ընթացքում առաջին անգամ հայկական ազգանուն է հնչել դեռևս 1943 թվականին, երբ լավագույն սցենար անվանակարգում հաղթող ճանաչվեց մեծանուն Վիլյամ Սարոյանը: Սարոյանի ու հոլիվուդի հարաբերությունները կարելի է անվանել կարճատև բայց բեղուն:

1930-40-ականներին, երբ հայազգի գրողը դարձավ ամերիկյան գրականության նորահայտ աստեղրից մեկը, Հոլիվուդն, իհարկե, սկսեց հետաքրքրվել նրանով: Արդյունքում, Սարոյանը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Լուիս Մայերից սցենար գրելու առաջարկ ստացավ: Շաբաթական 1000 դոլար հոնորարով՝ Սարոյանը հեղինակեց «Մարդկային կատակերգություն» սցենարը:

Սարոյանն ուզում էր հենց ինքն էլ նկարել ֆիլմը, սակայն Մայերը՝ տեսնելով Վիլյամի «Լավ գործ» կարճամետրաժը, որը նա նկարահանել էր, որպեսզի ներկայացի իր ռեժիսորական հմտությունները, չի հավանում այն և «Մարդկային կատակերգության» էկրանավորումն էլ չի վստահում Սարոյանին: Սարոյանը նեղանում, հեռանում է ու կարճ ժամկետներում գրում «Մարդկային կատակերգություն» վեպը, որը հետագայում դառնում է նրա գրական  ժառանգության կարևոր նմուշներից մեկը։

Այնուամենայնիվ, 1943 թվականին Վիլյամ Սարոյանը «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ է ստանում: Ի դեպ, ֆիլմն առաջադրվում է ևս 5 անվանակարգերում, սակայն մրցանակի արժանանում է միայն կինոնկարի սցենարը՝ Սարոյանի գործը: