Ո՞վ է աշխարհահռչակ նկարչի թոռը։ Այվազովսկու ժառանգներին հաջողվել է վերականգնել նրա տոհմածառը

Քչերը գիտեն, որ ծովանկարիչ Ալեքսեյ Հանզենն աշխարհահռչակ Հովհաննես Այվազովսկու թոռն է: Հանզենի ծննդյան 140-րդ հոբելյանի առթիվ նրա ծոռնուհի, պատմական գիտությունների թեկնածու Իրինա Կասացկայան պատմում է, թե ինչպես է Այվազովսկու ժառանգներին հաջողվել վերականգնել նրա տոհմածառը

Պարզվում է, որ Հանզենն Այվազովսկու թոռն է` աղջիկներից մեկի կողմից, այս մասին հայտնաբերվել է արխիվում: Արխիվում հայտնաբերվեցին նաև Այվազովսկու դստեր` Մարիա Այվազովսկայայի նամակները, որը ամուսնանալուց հետո վերցրել էր ամուսնու ազգանունը` Հանզեն:

Այվազովսկին չորս դուստր ուներ ու ինը թոռ, որոնցից երեքը` Միխայիլ Լատրին, Ալեքսեյ Հանզենն ու Կոնստանտին Արցեուլովը, պրոֆեսիոնալ նկարիչ են դարձել:

Նրանց թվում Ալեքսեյ Հանզենը թոռներից միակն էր, որ շարունակել էր Հովհաննես Այվազովսկու սկսած ուղղությունը նկարչության մեջ: Ռուսաստանի ծովային գլխավոր շտաբի նկարիչների շարքը սկսվում է Հովհաննես Այվազովսկուց ու ավարտվում նրա թոռ Ալեքսեյ Հանզենով:

Հանզենն առաջին մասնագիտությամբ իրավաբան էր: Իտալիայում ուսումնասիրում է որմնանկարչություն, իսկ 1908 թվականից բնակություն է հաստատում Ֆրանսիայում:

Նույն թվականին Ֆրանսիայում` Ելիսեյան դաշտերի պատկերասրահում ցուցադրված «Սև ծով» աշխատանքի համար Հանզենը յուրահատուկ մրցանակ է ստանում, որի շնորհիվ հետագայում ցուցադրվում է առանց ժյուրիի նախնական եզրակացության:

Նա բարձունքում է: Տարեկան մինչև հարյուր կտավ է ստեղծում: Նրան գտնում են պատվիրատուներ ԱՄՆ-ից: Ռազմական նավերի կառուցվածքը լավ իմանալով` նա նկարել է դրանք լուսանկարի ճշգրտությամբ` անկախ նրանից` դա գերմանական «Քյոնիգսբերգ» հածանավն է, ռուսական «Ժիվոյ» ականակիրը, թե Դարդանելի անգլիական նավատորմը:

Երկու ծովանկարիչ` պապ ու թոռ

Եթե նայենք երկու ծովանկարիչների կտավները, առաջին հայացքից կթվա, որ դրանք նման են: Հանզենը կարծես կրկնում է պապի արվեստը, սակայն նույնիսկ այդ կրկնության մեջ կարելի է նկատել նոր նկարչի, նոր վրձնի ներկայությունը։ Իր արվեստում նա շարունակել է պապի սկսած ուղղությունը: Սակայն նրանց նկարելու տեխնիկան, ամեն դեպքում, տարբեր է:

Հանզենի ողջ արվեստում նկատելի է լուսանկարչական ճշգրտությամբ տեղանքի պատկերումը: Հանզենը չէր նմանակում Այվազովսկուն, նրա աշխատանքները նոր շունչ էին: Հատկանշական է, որ նրա կտավներում մարդիկ չէին զոհվում, նա նկարում էր փոթորիկ, մառախուղ, սակայն ոչ մահ:

Հիանալի տեխնիկան ու պրոֆեսիոնալիզմը Հանզենը ժառանգել էր պապից: Ահա թե ինչու փոթորկոտ կամ հանգիստ ծով պատկերող նրա կտավներն երբեք երկար չէին մնում պատկերասրահներում: