Ազգությամբ հայ այս տղամարդուն կոչում են «նավթի արքա»․ ո՞վ է նա
Նկարում հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցն է։

«Նավթի արքա» մականունը ստացել է, քանի որ զբաղվել է նավթի արտահանմամբ։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։
Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։
Վերադառնալով Թեհրան, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո ստացած 200.000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։
1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։
Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ։
Մանթաշյանցը մահացել է 69 տարեկան հասակում։