Ցեղասպանությունից փրկվածները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

New York Times պարբերականը պատմել է Ցեղասպանությունը վերապրած 20 հայերի կյանքի պատմությունը՝ ներկայացնելով Նազիկ Արմենակյանի ֆոտոշարքը։

  • Տիգրանուհի Ասատրյան, ծնվել է 1910 թվականին

«Առաջին փախուստը հիշում եմ շատ աղոտ: Սակայն ես շատ լավ հիշում եմ երկրորդը՝ 1918 թվականին, այդ չարաբաստիկ օրը, զոհված երեխաներին… մինչ մեզ հաջողվեց հասնել Լենինական։ Մենք կորցրեցինք մեր հարազատներին՝ հորքուրին և նրա երեք որդիներին: Թուրքական բանտում հորեղբորս տանջանքների են ենթարկել, որից հետո նա սպանվել է։ Այնտեղ ամենուր եղել են տառապող հայեր»։

«Ես հարուստ ընտանիքի դուստր էի։ Սակայն ջարդերի ժամանակ նրանք անում էին այն ամենը, ինչ ուզում էին, սպանում էին, բռնաբարում, ոչ մեկին չէին խղճում» ։

  • Ազատ Թովմասյան, ծնվել է 1916 թվականին

«Ես ծնվել եմ արտագաղթի ժամանակ», – պատմեց Ազատ Թովմասյանը: «Ես 40 օրական եմ եղել, երբ վարակվել եմ ջրծաղիկով։ Մայրս կապեց ինձ մեջքին և նրանք հասան Ջուլֆա, երբ արձակեց, տեսավ, որ ես ձայն չեմ արձակում ևչեմ շնչում»:

  • Հովհաննես Ավետիսյան, ծնվել է 1908 թվականին

«Մեր ընտանիքը բաղկացած էր 12 հոգուց, ես միակն եմ, որ ողջ է մնացել, թուրքերը սպանել են իմ 11 հարազատներին։ Հիշում եմ՝ 4 կամ 5 տարեկան էի։ Ճանապարհի կեսին հնարավոր չէր անցնել, ամենուր դիակներ էին։ Կառքը չէր կարողանում անցնել նրանց վրայով, մարմիններն ամենուր էին»։

  • Մանիկ Մանուկյան, ծնվել է 1910 թվականին

«Մենք փախել ենք գիշերը և նավով հասել Հունաստան»:

«Մայրս մեզ տարավ Վոդինա գյուղ, այնտեղ լավ էինք ապրում։ Հետո ամուսնացա և ամուսնուս հետ տեղափոխվեցի Սալոնիկ։ Հունաստանում մենք ապրում էինք բարգավաճման մեջ։ Երբ եկանք Հայաստան, կյանքի պայմանները վատացան։ Ամուսինս չդիմացավ վատ պայմաններին և մահացավ: Ես ամբողջ կյանքում դերձակ եմ աշխատել՝ հարսանեկան զգեստներ եմ կարել»։

  • Մարիամ Ափոյան, ծնվել է 1901 թվականին

«Ես հիշում եմ ջարդերը։ Մինչ այդ հայերն ու թուրքերը խաղաղ էին ապրում, իսկ հետո… 5-6 տարեկան երեխաները մի ամբողջ ցեղասպանության ականատեսը եղան։ Նրանք մեզ բոլորիս՝ հայ տղամարդկանց, կանանց, երեխաներին, երիտասարդներին ու ծերունիներին տարան ընդարձակ ու բաց տարածք և սկսեցին…»։

«Նրանք մարդկանց վրա բենզին լցրեցին և այրեցին։ Ամենուր ծուխ էր, օդը ներծծված էր սրտխառնոց առաջացնող հոտով։ Երկինքը սևացել էր: Մարդիկ կրակի մեջ մոխրի էին վերածվել։ Այդ դաշտում հազարավոր դիակներ կային։ Ես լուռ պառկած էի մահացած մարմինների տակ։ Ճիշտ իմ դիմաց տղամարդու ստվեր հայտնվեց: Նա կրակում էր ողջ մնացածների վրա։ Թուրք զինվորականները սպասեցին, մինչև այրվի վերջին մարդը, իսկ հետո հեռացան։ Մեզ վերջապես հաջողվեց հասնել Հայաստան՝ Թալին։ Ես ամուսնացա, ունեցա 6 երեխա, երիտասարդ ամուսինս գնաց պատերազմի և չվերադարձավ»։

  • Մովսես Դերմիշյան, ծնվել է 1908 թվականին

«Մուսա լեռը բաղկացած է 6 հայկական գյուղերից։ Այնտեղ ոչ ոք, բացի հայերից, չի բնակվել, այլ ազգություններ, կրոններ չեն եղել, բոլորն էլ նույն հավատն են ունեցել»։

«Այս վեց գյուղերը միասին որոշեցին, որ ավելի լավ է բարձրանալ լեռը, պաշտպանվել, կռվել, քան մահանալ փողոցներում»:

  • Գաբրիել Գաբրիելյան, ծնվել է 1914 թվականին

«1915-ին մենք գաղթեցինք Բաղդադ, ապա 1926–ին Հայաստան։ 50 տարի աշխատել եմ որպես պատմության ուսուցիչ։ Ես երգեր ու բանաստեղծություններ եմ գրում»։

  • Ավագ Հարությունյան, ծնվել է 1911 թվականին

«Ցեղասպանությունը մեզ զրկեց ամեն ինչից։ Նրանք, ովքեր ողջ են մնացել, կարողացել են պահպանել միայն իրենց կյանքը: Թուրք զինվորները սպանում էին բոլորին անընդմեջ»,-պատմում է Ավագ Հարությունյանը։

«Մինչև ջարդերը սկսվելը մեր գյուղի տղամարդկանց տարան թուրքական բանակ, հայրս նրանց մեջ էր։ Մայրս արտագաղթել է առանց նրա՝ ինձ ու քրոջս իր հետ վերցնելով»։

  • Տիգրան Ֆարաջյան, ծնվել է 1907 թվականին

«Թուրքական պետությունը Կիլիկիայի բոլոր հայերին ստիպեց արտագաղթել Միջագետք։ Իմ քրոջը առևանգեցին արաբները։ Իմ խորթ մայրը թողեց փոքր եղբորս ճանապարհի վրա: Նրանք ինձ ստիպեցին հագնել աղջկա հագուստ, ոսկե զարդեր կրել»։

«Ես հայտնվեցի մանկատանը, սկզբում՝ Հալեպում, իսկ հետո՝ Երուսաղեմում։ 1924 թվականին ես եկա Հայաստան»։

  • Հռիփսիմե Հաջի-Սարգսյան, ծնվել է 1911 թվականին

«Ես երեխա էի, բայց հիշում եմ, թե ինչպես եկան Թուրքերը և սպանեցին իմ պապիկին, ով նստած էր դռան մոտ։ Երբ տատիկս վազեց նրա մոտ, նրանք սպանեցին նրան, այդպես մեր տան մոտ մնացին նրանց մարմինները»։