ՙՙՄեզ միայն օրհնված խաչ ուղարկեք, ուրիշ բան պետք չի՚՚. Հերոս Մանվել Ջավադյանի կիսատ թողած հուշերը՝ պատերազմի դաշտից
Պատերազմը շատ բան փոխեց մեր կյանքում ու ՆՐԱՆՑ խլեց մեզնից անվերադարձ: Այսօր՝ նոյեմբերի 7-ին Եռաբլուրում տեղի ունեցավ հերոս Մանվել Ջավադյանի մահվան առաջին տարելիցի խնկարկման արարողությունը:

Մանվել Ջավադյանը ծնվել է 2001թ-ի օգոստոսի 5-ին Երևանում: Կյանքին սիրահարված տղան սիրելիների հուշերում միայն վառն ու պայծառն է թողել, որովհետև հենց ինքն էր այդպիսին:
Նա պարում էր, նվագում, ստեղծագործում: Սպորտին ու մշակույթին էր տվել իր ամբողջ սերը, ուժն ու եռանդը: ՙՙՄանվելի պարային թռիչքը հասավ երկինք՚՚. այս նախադասությամբ էին բոլորը հիշում հերոսին, քանի որ պարը Մանվելի կյանքի ու օրվա անբաժան մասն էր:


Մանվելը բանակ զորակոչվեց 2020թ-ի հունվարի 15-ին և ծառայության անցավ Ղարաբաղում ՝ Մարտունի 3 զորամասում: Հետագայում ծնողները հիշում են՝ Մանվելն անսահման հպարտ էր, որ ծառայությունը պիտի հենց այնտեղ անցկացնի:
Սիրում էր զանգել ու խոսել սիրելինների հետ ու պատմել իր օրվա ամենաուրախ պահերը: Երբ պատերազմը սկսվեց Մանվելը 10 ամսվա ծառայող էր:
Հարազատներն ասում են ՝ երբեք ոչինչ չէր պատմում պատերազմի մասին ու չէր բողոքում: Իսկ եթե որևէ մեկը նույնիսկ ակնարկում էր նրա գտնվելու վայրի կամ տիրող իրավիճակի մասին, Մանվելը միանգամից անջատում էր հեռախոսը:
19-ամյա տղան իր ընկերների հետ մոռացել էր ամեն բան և մտածում էր միայն հայրենիքը պաշտպանելու մասին: Ասում էր. ՙՙՄենք անդադար աղոթում ենք, ու Աստված մեզ հետ է՚՚:

Հերթական անգամ ծնողների հետ խոսելիս ասաց. ՙՙՄեզ միայն տաք հագուստ ա պետք. մեկ էլ խաչ. բայց հանկարծ մի հատ չուղարկեք, մենք դիրքում 4 ընկերներով ենք. խաչին ձեր աղոթքն ու օրհնությունը կտաք, նոր կուղարկեք՚՚:
Ծնողներին կտրականապես արգելել էր անգամ ակնարկել փախչելու ու դիրքերը թողնելու մասին: 19-ամյա տղան իր ու իր ընկերների արյունով էր կապվել հողին:
Չարաբաստիկ այս օրը՝ նոյեմբերի7-ին, Մանվելն այդպես էլ չզանգեց: Հարձակման ժամանակ հենց 4 ընկերներով էլ զոհվել էին՝ իրենց երդմանը համաձայն , որ ոչ մի դեպքում դիրեքերը չեն տա: Մանվելը մնացել էր դիրքերում ՝օգնելու ընկերների, ովքեր ստացել էին բեկորային վիրավորում: Մանվելը մերձամարտի ընթացքում ստանում է մահացու հրազենային վիրավորում՝ գլխին:
Մանվելը հետմահու պարգևատրվել է ՙՙՄարտական խաչ 2-րդ աստիճանի՚՚ և ՙՙԱրիության համար՚՚ շքանշաններով:
Քեզ բացակա չենք դնի. Քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում: