Կաքավաձորում բացվեց Արցախյան 3 պատերազմներում նահատակված կաքավաձորցի 7 քաջորդիների հիշատակին նվիրված պուրակ և խաչքար. լուսանկարներ, մանրամասներ

Նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի կենտրոնական փողոցում բացվեց Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած կաքավաձորցի հերոսների անունով Հերոսների պուրակ և խաչքար:

Պուրակի գաղափարի հեղինակը կաքավաձորցի Նվեր Օհանյանն է: Նրա տիկինը խաչքարի վրայից իջեցրեց սպիտակ սավանը, որից հետո հոգևոր հովիվը օծեց այն: Հուշ-երեկոյի ընթացքում գյուղի դպրոցի սաները հանդես եկան ասմունքով և երգերով: Դրանից հետո տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում, մոմովառություն և խնկարկում:

herosner

Ներկա էին հերոսների հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից ընկերները:

Խաչքարի քանդակագործ Արծվիկ Վարդանյանը իսկական հայի կերպարի, հայի անկոտրուն պայքարի ոգի է ներդրել խաչքարի մեջ ու տեսնելով այն հասկանում ես, որ կաքավաձորցին իսկական հայի տեսակ է, կաքավաձորցին ամեն պահի պատրաստ է հող հայրենիի համար դուրս գալ կռվի ու վստահ է, որ այդ կռվում ինքը զինվորն ու կամավորականը հաղթող են դուրս գալու:

khachqar

«Այդ 3 պատերազմներում կաքավաձորցին նույնպես հաղթել է, պարտվել են քաղաքական գործիչներն ու  դիվանագետները», — ասում էին կաքավաձորցիները:

«Մենք մեր երախտիքի խոսքն ենք ուղղում Հերոսների պուրակի գաղափարի հեղինակ Ն. Օհանյանին, նրա ընտանիքի անդամներին, որոնց շնորհիվ այս վայրը բարեկարգվեց ու հիմա գյուղի համար դարձել է մի նոր Եռաբլուր, սրբության սրբոց: Ամեն անգամ այստեղ գալուց հիշելու ենք լեգենդ դարձած Արցախյան պատերազմներում նահատակված 60-ամյա Անանիա Խաչատրյանին, 50-ամյա Կայծեր Շեկիկյանին, 57-ամյա Մեսրոպ Մխիթարյանին, 49-ամյա Վահե Բաղդասարյանին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Արցախյան 1-ին պատերազմին, 32-ամյա Սասուն Մկրտչյանին, ով իր կյանքը զոհաբերեց Ապրիլյան քառօրյա պատերազմին, 32-ամյա Վաղարշակ Մուրադյանին և 20-ամյա Վահան Մելքոնյանին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Արցախյան  44-օրյա պատերազմին:

otsum

Մենք այս հերոս առյուծ ու արծիվ տղերքին բացակա չենք դնի: Նրանք իրենց պայքարով ապացուցեցին, որ նրանց մարմնում իսկական սասունցու արյունն է հոսել»:

Ի պատիվ հերոսների՝ պուրակում նրանց անվամբ ընտանիքի անդամների կողմից տնկվեցին խորհդանշական եղևնիներ: