Այն ամենը, ինչ դուք չգիտեք ԱՐԵՆԻ գինու մասին. կարդացե՛ք և եղե՛ք տեղեկացված
1994թ-ին Արենի գյուղում Սիմոնյանների ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Արենիի գինու գործարանը»: Սիմոնյանները իրենց առջև նպատակ էին դրել՝ պատմական Արենիում պապենական գինեգործական ավանդությունները շարունակելու և հարստացնելու:

Կան մի քանի հետաքրքիր փաստեր Արենիի հետ կապված, որոնք դուք, հավանաբար, չգիտեք:

Նախքան հայկական ազգային գինի դառնալը խաղողը երկար ճանապարհ է անցնում: Հումքի որակը շատ կարևոր է նուրբ գինու արտադրության համար, իսկ բարձրորակ խաղողի ձեռքբերման առաջնային հանգամանքներից մեկը դրա ճիշտ մշակումն է, որն անցնում է մի քանի փուլով ՝ գարնանից մինչև աշուն: Խաղողի բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսին։

Այգեկութը սկսվում է Արենիից սեպտեմբերի կեսերից և ավարտվում է Խաչիկ (1600մ ծ.մ.) գյուղով մինչև նոյեմբերի կեսերը: Վայոց Ձորում խաղողի այգիները չեն թաղվում (հողով չեն ծածկվում):
Պատմականորեն, Արենի գյուղը համարվում է հայկական գինեգործության «օրրան»: Այստեղ է մշակվում խաղողի հնագույն տեսակներից մեկը, որն օգտագործվում է գինիների արտադրության մեջ և կրում հենց «Արենի» անվանումը:

Այս վայրի մասին հյուսված լեգենդների որոշ իրողություններ ապացուցվել են որպես իրական դեպքեր, ինչի մասին վկայում են հնագիտական գտածոները. Արենիի քարանձավներից մեկում («Թռչունների քարանձավում») հայտնաբերվել է գինու պատրաստման համար նախատեսված խաղողի ճմլարանը, որի տարիքը գնահատվում է մոտ 6000 տարի:
