Շատերը պնդում էին, որ այս տաղանդավոր հայը բոշայական ծագում ունի․ ի՞նչն էր նման խոսակցությունների պատճառը
«Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Փափազյանը ամենաթափառող կյանք վարող հայ գրողն էր. դա նրա անհատական հակո՞ւմն էր, թե կյանքի ձախորդ պայմաններն էին մղում նրան այդ բանին–պարզել չեմ կարող, սակայն ոմանք, երևի նկատի ունենալով նրա այդ թափառումները, պնդում էին, թե նա «բոշայական ծագում» ունի,-գրում է Ստեփան Զորյանը «Հուշերի գիրք» գրքում:
Իտալիայի, Բաքվի, Պոլսի, Թիֆլիսի բեմերում խաղալուց հետո, 1920 թվականին, Վահրամ Փափազյանը հաստատվել է Խորհրդային Հայաստանում: Այդուհանդերձ, միայն մեկ տարի՝ 1922-ին, խաղացել է Երեւանի նորաստեղծ պետական թատրոնում, ապա սկսել է հանդես գալ Թիֆլիսի եւ Բաքվի հայկական թատրոններում: 1954 թվականին, 66 տարեկանում, Փափազյանը վերջնականապես տեղափոխվում է Երեւան:

Որքան էլ զարմանալի է, Հայաստանում ապրելու տարիներին, Փափազյանը չի դասավանդել բուհերից եւ ոչ մեկում: Ավելի ստույգ, դասավանդել է Թատերական ինստիտուտում՝ միայն մեկ ամիս: Փափազյանը ծնունդով այն երջանիկ մահկանացուներից է, որին ազգը բաժին է հանել իր հանճարի ամենաառողջ սերմը: Պոլսում է ձևավորվել նա, Ադամյանի, Դուրյանի, Պարոնյանի, Վարուժանի, Զոհրապի, Սիամանթոյի և մյուսների Պոլսում: Ինքն էլ այժմ նրանցից մեկն է` վերջինը, և մասունքի պես պաշտելի է մեր ժողովրդի կողմից։