«Հայ լինելը զոհաբերության պատրաստակամություն է». ո՞վ է Մեծ Բրիտանիայում սեփական բիզնես կայսրությունը կառուցած այս հայը

Վաչե Մանուկյանը Անգլիայում բնակվող հայազգի գործարար և բարերար է: Բացի այդ Մանուկյանը դեղագործական բիզնեսով և կենսատեխնոլոգիայով զբաղվող MARS հոլդինգի հիմնադիրն ու  նախագահն է։

Ծնվել է 1945 թվականին Բեյրութում։ Վաչեի ու նրա եղբոր՝ Րաֆֆիի մանկությունը դժվար թե կարելի է ուրախ անվանել. նրանք ապրել են բավականին համեստ՝ ծնողների՝ ուսուցչի ու բժշկի աշխատավարձով։ Այն բանից հետո, երբ եղբայրներն ավարտել են Կիպրոսի գիշերօթիկ դպրոցը, Մանուկյանների ընտանիքը տեղափոխվել է Անգլիա։

1970-ականներին Վաչեն ինժեներական կրթություն ստացավ և սկսեց աշխատել կայացած ընկերություններում՝ վաստակելով իր առաջին միլիոն դոլարը, իսկ հետո նա դարձավ Բրունեյի արքայազնի վստահելի անձը։ Բրունեյում Վաչեն ավելացրեց իր հիմնական կապիտալը, ինչը հետագայում թույլ տվեց նրան իրականացնել իր ծրագրերը։

Ողջ աշխարհը սկսեց խոսել դեղագործության, բանկային, կենսատեխնոլոգիայի ոլորտում բիզնես կայսրություն կառուցած Վաչե Մանուկյանի մասին։ Ավելի ուշ, դառնալով Թագավորական օպերային թատրոնի հովանավոր և անդամ, Լոնդոնի հեղինակավոր հյուրանոցների և HSBC-Հայաստան Բանկի սեփականատեր, Մանուկյանը որոշեց նվիրվել բարեգործությանը։

Իր կնոջ՝ Թամարի հետ նրանք բացել են «Վաչե և Թամար Մանուկյան» բարեգործական հիմնադրամը։ Հիմնադրամի շնորհիվ վերականգնվել է Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին, կառուցվել չորս հայկական դպրոցներ և Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը, ֆինանսավորվել են մշակութային և կրթական ծրագրեր, ինչպես նաև Հարվարդի և Քեմբրիջի համալսարանի հազարավոր հայ ուսանողների ուսումը։

Մանուկյանը Հայաստանում հազարավոր աշխատատեղեր է ստեղծել: Նրա ներդրումներն այսօր Հայաստանի տնտեսությունում տատանվում են 65 մլն դոլարի սահմաններում։ 1996 թվականին Վաչե Մանուկյանը պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով և դարձել Երևանի պատվավոր քաղաքացի։