Հայ, ով դարձավ Disney ընկերության վիցե նախագահը և Microsoft-ի գործընկերը
Համակարգչային խաղերի հայտնի ծրագրավորող, ստեղծող Ալեքս Սերոբյանը համաշխարհային մեծ ճանաչում ունի: Նրա հայրական կողմի պապը և տատն ապրել են Ստամբուլի արվարձաններից մեկում, 1915թ. ցեղասպանությունից հետո տեղափոխվել են ԱՄՆ, Նյու Յորք: Հայրական կողմի պապը Նյու Յորքում սկզբում գորգերի վաճառքով է զբաղվում, այնուհետև՝ լուսանկարչությամբ: Նրա լուսանկարները հրապարակվում են հայտնի «Լայֆ» և այլ ամսագրերում: Իսկ մայրական կողմի պապն Անգլիայում կաշվի արտադրություն ուներ: Ալեքս Սերոբյանի հայրը և մայրը բժշկության ոլորտից էին. Նրանք ծանոթանում են հիվանդանոցում աշխատելու ընթացքում: Հայրը բժիշկ էր, մայրը՝ բուժքույր: Ալեքսը համակարգչային խաղերով սկսում է զբաղվել դեռևս ավագ դպրոցում, այնուհետև՝ քոլեջում ուսանելու տարիներից:
Ալեքս Սերոբյանը Bungie Software Products Corporation-ի համահիմնադիրն է, ինչպես նաև՝ Marathon, Myth, և Halo հայտնի վիդեո խաղերի ծրագրավորողը: Քոլեջում ուսանելու տարիներին նա իր համակուրսեցու՝ Jason Jones-ի հետ միասին Minotaur խաղն է հիմնում: Նրանք դառնում են գործընկերներ: Bungie-ն հետագայում դառնում է հանրաճանաչ Apple Macintosh-ի ամենահայտնի խաղերի ծրագրավորողը՝ մինչև 2001թ., երբ այն գնվեց Microsoft-ի կողմից:

2004թ Սերոբյանը հեռանում է Bungie-ից և ստեղծում Wideload Games-ը: Wideload-ի աշխատակազմը համագործակցում էր արտասահմանյան ընկերությունների հետ, և շուտով թողարկվում են Stubbs the Zombie և Hail to the Chimp վիդեո խաղերը: 2009թ. Disney ընկերությունը գնում է Wideload-ը: Սերոբյանը դառնում է Disney Interactive Studios խաղերի զարգացման վիցե նախագահը և հեռանում պաշտոնից 2012 թվականին՝ հեռախոսների համար նախատեսված խաղերի զարգացման իր ընկերությունը ստեղծելու նպատակով:

Նախքան Չիկագոյի համալսարանն ավարտելը Սերոբյանն ապրում էր հոր հետ: Օրերից մի օր նա երկընտրանքի առջև է կանգնում՝ աշխատա՞նք փնտրել, թե՞ հիմնել սեփական վիդեո խաղերի ընկերությունը: Սերոբյանի հայրը նրան խորհուրդ է տալիս՝ աշխատանքի անցնել փորձառություն ձեռք բերելու համար, սակայն հաջորդ օրը որդին որոշում է հիմնել սեփական ընկերությունը:
2012թ. Սերոբյանը հիմնադրում է Industrial Toys ստուդիան: Այս ընկերությունը նպատակ ունի զարգացնելու հեռախոսային խաղերի ոլորտը: Առաջին խաղը` գիտաֆանտաստիկ Morning Star-ը sci-fi տեխնոլոգիայով, արդեն թողարկվել է այս տարվա գարնանը: