Հայաստանի չբացահայտված վայրերից մեկը. Դժոխքի ձոր, լուսանկարներ, տեսանյութ

Դժոխքի ձորը գտնվում է Նախիջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։ Այնտեղով է անցնում Արածո գետը։ Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով թափվում է Արաքս: Լինելով լեռնային գետ՝ Արածո գետը սնվում է հիմնականում ձնհալքներից ու անձրևաջրերից և վարարում է ապրիլ-մայիս ամիսներին:

dzor

Կիրճը համարվում է ամենագեղեցիկներից մեկը, սակայն դժվարանցանելի է: Լանջերը քարքարոտ են, հիմնականում բուսականությունից զուրկ: Կան բազմաթիվ կարստային քարայրներ ու խոռոչներ: Կիրճը հարմար է ժայռամագլցման համար:

jayr

Դժոխքի ձոր անունը կրող կիրճը հայտնի է ժայռամագլցողների շրջանակում որպես Երևանից ոչ շատ հեռու, մայրուղուն մոտ և միևնույն ժամանակ քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ կան մշակված հետաքրքիր ուղիներ մագլցելու համար: Բարձր ժայռերի արանքում կա հարմար հարթ տարածություն վրան խփելու համար, իսկ կողքին փոքրիկ գետ է հոսում: Սա Հայաստանի ժայռամագլցմամբ զբաղվողների ամենասիրված վայրերից է, բայց նույնիսկ այս ժայռերի վրա մագլցած մարդկանցից շատերը պատկերացում չունեն ինչ տեսարժան վայրեր են ձորի խորքում:

qarer

Դժոխքի ձոր ցանկալի է գնալ տեղանքին ծանոթ մարդու ուղեկցությամբ: Կիրճում կան կյանքի համար վտանգավոր հատվածներ, որտեղ պետք է անցնել ապահովմամբ: Մոլորվելու դեպքում կարող եք հայտնվել հակառակորդի դիրքերի մոտ: