Հայազգի թուրք երգչուհին. Ո՞վ է Սիբիլը

Սիբիլ Պեկտորոսօղլուն ծնվել և ապրում է Ստամբուլում՝ պոլսահայերի ընտանիքում։ Մասնագիտությամբ Սիբիլը ֆինանսիստ է՝ աշխատում է Ստամբուլի բանկերից մեկում։ Սակայն Թուրքիայում նրան ճանաչում են որպես երիտասարդ երգչուհի։ Սիբիլը Թուրքիայում միակ հայ երաժիշտն է, ում հաջողվել է հայկական երգեր կատարելով դասվել երկրի լավագույն 10 երաժիշտների ցանկում։ Նրա կատարմամբ հայկական երգերը մեծ պահանջարկ ունեն ոչ միայն տեղի հայերի, այլև թուրքերի ու օտարերկրացիների շրջանում։

«Երգարվեստում իմ առաջին քայլերն արել եմ Ֆերկոյի հայկական եկեղեցու «Սուրբ Վարդանանց» երգչախմբում »,- պատմում է Սիբիլը։

2010 թվականի նոյեմբերին թողարկվել է նրա «Sybil» ալբոմը, որը ներառում էր «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տես Անի, ապա մեռիր» երգերը։ Ալբոմի հիթը «Նամակ» երգն է։ «Երկար ժամանակ էի երազում այս ալբոմի մասին։ Միշտ ցանկացել եմ հայկական երգերով ձայնասկավառակ թողարկել։ Ինձ վերջապես հաջողվեց իրականացնել այս երազանքը ինձ շատ մտերիմ մարդկանց աջակցությամբ»,- ասել է երգչուհին։