Հայն, ով օգնեց կառուցել Հոնկոնգի համալսարանը․ Փոլ Չաթեր

Պողոս Խաչիկ Աստվածատրյանը, նույն ինքը՝ Փոլ Չաթերը հայտնի հայ է, ով ապրում էր Չինաստանում՝ Հոնկոնգում։ Նրա և նրա գործունեության մասին, սակայն, քչերը գիտեն։ Նա եղել է Հոնկոնգի հաշտարար դատավոր, զբաղեցրել գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամի պաշտոնները, ինչպես նաև տնօրինել է մի շարք ընկերություններ՝ ավելի քան 40 տարի հանդիսանալով որպես Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդական:

Ծնվել է Հնդկաստանում՝ Կալկաթայում։ Վաղ տարիքում կորցնելով ծնողներին՝ 18 տարեկանում մեկնել է Հոնկոնգ, որպեսզի գումար վաստակի ու ապահովի քույրերին ու եղբայրներին։

paul-chater

Այնտեղ աշխատել է բանկի կառավարչի օգնականի պաշտոնում ու մեծ աշխատասիրության ու խելքի շնորհիվ սկսել մի շարք պաշտոններ զբաղեցնել՝ կուտակելով հարստություն։ Նրա օգնությամբ է ստեղծվել Հոնկոնգի առաջին կաթնամթերային ֆերման, կառուցվել Հոնկոնգի համալսարանը, բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տներ, ինչպես նաև Հոնկոնգի նավահանգիստը։

Նա նաև աջակցել է շատ հայերի՝ Բրիտանիայում հիմնելով «Հայ գաղթականների բարեգործական հիմնադրամը»։ Այժմ նրա աճյունն ամփոփված է հոնկոնգյան գերեզմանատանը։