Այս հայուհին, հարս գնալով մի իշխանական ընտանիք, որտեղ ընդհանրապես հայերեն խոսք չէր հնչում, իսկական հեղաշրջում կատարեց․ գիտե՞ք՝ ում մասին է խոսքը
Խոսքը հայ մշակույթի գործիչ Մարիամ Մարկոսի Թումանյանի մասին է։
Մարիամ Թումանյանը ծնվել է Թիֆլիսում 1870 թվականի հուլիսի 21 (28)-ին։ Հայրը Արցախի հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանն է։
Սովորել է Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գործող Գայանյան օրիորդաց դպրոցում, այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում։
Մարիամ Թումանյանի անհատականության ձևավորման գործում մեծ դեր է խաղացել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Միսակ Արամյանը՝ սերմանելով նրա մեջ սեր դեպի մայրենի լեզուն ու գրականությունը։
17 տարեկան հասակում ամուսնացել է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ։ Հարս գնալով իշխանական մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում, Մարիամ Թումանյանը հեղաշրջում կատարեց՝ հայեցի դաստիարակելով իր զավակներին։
Աշխատակցել է Հովհաննես Թումանյանի երկերի թարգմանական հրատարակություններին՝ «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների։
1902 թվականին Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը (1903-1907 թվականներին՝ նախագահ), մասնակցել Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը։
1908 թվականին կազմակերպել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր։
Նյութապես օժանդակել է հայ գրողներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրոլետար» թերթերին։
Մարիամ Թումանյանը մահացել է 1947 թվականին Թբիլիսիում։