Գեղարքունիքի մարզում պեղումների ժամանակ հայտնաբերվել են ՀՆԱԳՈՒՅՆ գտածոներ
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում (հուշարձանը թվագրվում է Ք.ա. 15-14 – Ք.ա. 7-6 դարերով) անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե զարդեր:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումների ղեկավար, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ տարիների ընթացքում ամենայն հավանականությամբ դամբարանախցից զգալի քանակությամբ պերճանքի առարկաներ և զարդեր են տարվել։

Դամբարանի վերգետնյա մասը վնասված է եղել, ստացվում է՝ փորձել են սալերը տեղաշարժել, բայց հավանաբար ծանրության պատճառով չեն կարողացել։ Փորձել են նաև մտնել դամբարանախցի մեջ։ Գանձախույզները մասամբ ավերել են մի քանի դամբարաններ:

Պեղումները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի՝ ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
1980-ական թվականներին հուշարձանում պեղումներ է կատարել անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը, 1998-2004-ին հնավայրում աշխատել է Աշոտ Փիլիպոսյանը։