Հայ լուսանկարիչ, ով իր հոգին դնում է յուրաքանչյուր լուսանկարի մեջ․ ո՞վ է Գարիկ Ավանեսյանը
Արմատներով Արցախից Գարիկ Ավանեսյանը ծնվել է 1959 թվականին Բաքու քաղաքում։ Այնտեղ էլ Գարիկը միջնակարգ կրթություն է ստացել։ Պատանի ժամանակ Գարիկի տարերքը եղել է ծովը և տղան ցանկացել է նավաստի դառնալ։ Սկսել է աշխատել նավերի վրա որպես մեխանիկ, բայց երբ հասկացել է, որ սկսում է իր տարերքը ձանձրույթի վերածվել, վերադարձել է տուն։ Հետո սկսել է քաղաքում՝ ֆոտոյի կրպակներում, օգնականի աշխատանք փնտրել։ Բայց քանի որ Բաքվում հայերի համար աշխատանք գտնելը մեծ և բարդ խնդիր է եղել, նրան շատերն են մերժել, սակայն Գարիկին հաջողվել է անցնել աշխատանքի և լուսանկարել հարսանիքներ, ռեպորտաժներ, դիմանկարներ և այլն։ Ահա այսպես Գարիկը դարձել է լուսանկարիչ։ Սակայն 1988 թվականի Սումգայիթի ջարդերի պատճառով ընտանիքը լքում է Բաքուն։

Այնուհետև տեղափոխվում է Ղազախստան և ընդունվում է համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Սակայն չորս տարի սովորելուց հետո թողնում է համալսարանը և սկսում զբաղվել բիզնեսով։ Շուտով Ավանեսյանը տեղափոխվում է Մոսկվա և բիզնեսն ավելի ընդլայնում այնտեղ։ Սակայն որոշ ժամանակ անց Մոսկվայում հանդիպում է խոչընդոտների և սնանկացած մեկնում է Չեխիա։ Չեխիայում արդեն հասկանում է, որ լուսանկարչությունը այն մասնագիտությունն է, որը իրեն հաճույք է պատճառում և այսպես սկսում է նորից զբաղվել լուսանկարչությամբ։ Իսկ արդեն 2002 թվականին Գարիկը Պրահայում հիմնադրում է «Ֆոտո Արտ» ամսագիրը, որը հրատարակվում է երեք լեզուներով՝ չեխերեն, գերմաներեն, անգլերեն։

Շուրջ 20 տարվա ստեղծագործության ընթացքում, Ավանեսյանը ցուցադրել է իր աշխատանքները հիսունից ավել անհատական և խմբակային ցուցահանդեսներում և հեղինակել մի քանի ֆոտոգրքեր, որոնցից վերջինը` «Գարիկ Ավանեսյանն ու իր հայերը» ներկայացնում է լուսանկարչի հայկական ճամփորդությունները։