Հայ տղաներն ամենամեծ սիրտն ունեն․ ի՞նչ պատահեց խանութում

Հայ տղաներն ամենամեծ սիրտն ունեն, դա հայտնի է բոլորին, սակայն օրերս տեղի ունեցած այս դեպքը մի անգամ էլ հաստատեց նրանց՝ բարի հոգի ունենալու փաստը։

Խանութում մի ծեր, թոշակառու տատիկ գնումներ էր կատարում։ Նա խնամքով ընտրում էր ապրանքները՝ աշխատակիցներից հերթով ճշտելով՝ որն ինչ արժե։ Տպավորություն էր, որ մտքում հաշվում է ու փորձում տեղավորվել ունեցած գումարի մեջ։ Նա ետ իրենց տեղն էր դնում այն ապրանքները, որոնք վերցրել էր՝ մինչև դրանց գինն իմանալը։

Մի տղա կանգնած էր նրա կողքին ու չէր խանգարում տատիկին գնումներ կատարել։ Նրանք ակնհայտ անծանոթներ էին, ոչ մի բառ չփոխանակեցին ողջ ընթացքում։

Երբ տատիկը հասավ դրամարկղին, տղան հետևեց նրան ու իր մթերային սայլակում լցված ապրանքը նույնպես սկսեց դատարկել դրամարկղում։

-Միասի՞ն եք,- հարցրեց աշխատակցուհին։

-Ոչ,- պատասխանեց տատիկը,- ինչո՞ւ ես ապրանքներն իրար խառնում, տղա՛ս, մի փոքր կարո՞ղ ես սպասել, մինչև ես կավարտեմ։

Տղան ժպտաց ու կարծես ոչինչ էլ չէր եղել ասաց․

-Թույլ տվեք ամբողջի համար ես վճարեմ, խնդրում եմ, մտքովս այդպես անցավ։

Տղայի սայլակում այն բոլոր ապրանքներն էին, որոնք տատիկը ետ էր վերադարձրել՝ գումարի սղության պատճառով։ Նա հետևողականորեն հավաքել էր դրանք, որպեսզի գնի անծանոթ տատիկի համար։