Չհասցրեց տեսնել երկրորդ աղջկան, զոհվեց հենց իր ծննդյան օրը. Հերոս Արկադիի հերոսական պատմությունը

«Արկադին կամավոր էր մեկնել ռազմաճակատ, չնայած որ ուներ հնարավորություն չգնալու, բայց նա համառ էր, ոչինչ չէր կարող հետ պահել: Ամուսինս դժվարությունից փախչող տղամարդ չէր, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, շուտով պատերազմը կավարտվի, և մենք հաղթելու ենք:

Ես երկրորդ բալիկովս հղի էի, շատ բան ինձ չէր ասում, բայց մի անգամ պատմեց, որ  իր աչքի առաջ զինակից ընկերներից մեկը զոհվել է:

arkadi

Երկրորդ աղջկաս չտեսավ ու էդպես էլ չիմացավ, որ աղջիկ է, բայց մի անգամ ասաց՝ եթե աղջիկ լինի, Լուիզա կդնենք անունը, եթե տղա լինի, Մարկ: Նոյեմբերի 5-ին, երբ խոսեցի Արկադիի հետ, ասացի՝ զգում եմ, որ աղջիկ է… ասաց՝ ավելի լավ, ես իմ երկու արքայադստրերին կպահեմ: Աղջիկս ամուսնուս զոհվելուց 4 ամիս անց ծնվեց՝ մարտի 22-ին»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված կամավոր Արկադի Շահբազյանի կինը՝ Եսենյա Մանգասարյանը:

«Մենք մինչև պատերազմն ապրում էինք, իսկ հիմա կարոտում ենք, լացում, շատ դժվար է, ահավոր դժվար է էս ամենը: Ես էլ հենարան չունեմ, բայց փորձում եմ պինդ մնալ՝ հանուն իմ երեխեքի, հանուն Արկադիի թողած շարունակության: Էնքան հպարտ եմ, որ Արկադիի կինն եմ, և հենց ինքն է իմ աղջիկների հայրը, բայց շատ ցավոտ է իմ հպարտությունը»,- նշում է հերոսի կինը:

kamavor

Արկադի Քաջիկի Շահբազյանը ծնվել է 1994թ. նոյեմբերի 7-ին Արցախում: Կամավորագրվել է և սեպտեմբերի 29-ից մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Երիտասարդ հերոսը կռվել է Մարտունիում, Վարանդայում: Այնուհետև գնացել է Շուշի, որպեսզի օգնության հասնի իր ծառայակից ընկերներին, զոհվել է նոյեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը:

Արկադին կռվել է այն սկզբունքով, որ եթե զոհվեմ, ազգիս համար եմ զոհվում, իզուր չի լինի:

«Նոյեմբերի 7-ին Արկադիի ծնունդն էր, գիշերը զանգել էի, որ ծնունդը շնորհավորեմ, հետո առավոտյան նորից զանգեցի, ասաց՝ հետո կզանգեմ, ու էդ  հետոն արդեն 1 տարի է: Ես սպասում եմ Արկադիի այդ զանգին: Էնքա՜ն բան ունեմ պատմելու… որ մեր Սոֆյան պարզ խոսում է, իսկ Լուիզայի ատամը դուրս է եկել»,- ասում է հերոսի կինը:

Եսենյայի խոսքով՝ հիմա իրեն ապրեցնում են իր 2 դուստրերը, Արկադիի հետ հիշողությունները և բոլոր այն նպատակները, որոնք համատեղ պիտի կյանքի կոչեին: