Վերջին ցանկությունը Մեսչյանի «Ո՞ւր էիր Աստված» երգը լսելն էր. կարդացեք 19-ամյա հերոս Գառնիկի հերոսական պատմությունը

Ժամկետային զինծառայող Գառնիկ Ղանդիլյանը 44 օր կռիվ է տվել թշնամու դեմ՝ փրկելով իր ծառայակից ընկերների կյանքը, դիրքերից իջեցրել է վիրավոր տղերքին. 19-ամյա հերոսը զոհվել է Կարմիր շուկայում՝ հրադադարի ստորագրումից 2 ժամ հետո:

Գառնիկ Ղանդիլյանը 44 օրյա պատերազմի ժամանակ 10 ամսվա զինծառայող էր, ծառայում էր Ստեփանակերտի զորամասում, վարորդ էր:

19 տարեկանում անմահացած հերոսի մայրը՝ Հռիփսիմե Ղանդիլյանը պատմում է որդու, նրա անցած մարտական ուղու և ճակատագրական օրվա մասին:

heros

«Կյանքն ինձ համար արդեն 1 տարի կանգ է առել. կորցնելով իմ զավակին՝ ես ինձ էլ կորցրեցի, տղայիս զոհվելու օրը ես էլ մահացա, այդ օրվանից լռել են աշխարհի բոլոր ձայները… ոչ ոք չի կարող հասկանալ ինձ, թե ոնց եմ մեկ տարի ապրում, եթե, իհարկե, դա ապրել կարելի է համարել, ես ոչինչ եմ առանց իմ Գառնիկի: Հիմա ամեն ինչ անում եմ, որպեսզի ապրեցնեմ իմ տղային, ես Գառնիկիս պահում եմ սուրբ մասունքի պես: Ամեն մի զանգից, ամեն մի դռան բացվելուց մտածում եմ, որ տղաս կգա, գիտի, որ ես սպասում եմ իրեն:

Երեխայի նման ինքս ինձ խաբում եմ, վախենում եմ ճշմարտությանը նայել, դա սարսափելի է, եթե ուղիղ նայեմ ճշմարտությանը, կխելագարվեմ էդ մտքից: Երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, սկսում եմ տղայիս նկարի հետ խոսել, սկսում եմ կիսվել ու լացել, բայց տղաս լուռ է, չի լսում ինձ:

Իմ հպարտությունը հիմա չափազանց ցավոտ է, թող որդիս հերոս չլիներ… իմ բալեն իր ծնված օրից իմ հերոսն է»,- ասում է Արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրը՝ Հռիփսիմե Ղանդիլյանը:

Գառնիկը բնավորությամբ շատ բարի էր, խղճով, հոգատար, հասնող, նվիրված: Բոլորին էր պատրաստ օգնելու, թասիբով էր ու նպատակասլաց: Իր հետ կռված կամավորները տիկին Հռիփսիմեին շնորհակալություն են հայտնել՝ այդպիսի հայրենասեր և լավ որդի դաստիարակելու համար:

«Ամսի 9-ի իրիկունն էր, զանգեց. տրամադրություն չուներ, ասացի՝ ի՞նչ է եղել, ցավդ տանեմ, ո՞վ է քեզ նեղացրել, ինչի՞ ես անտրամադիր: Ասաց՝ մամ, բան չի եղել, ուղղակի հոգնած եմ, քնեմ, հետո կզանգեմ: Քիչ հետո նորից զանգեց, ասաց՝ մամ, մի երգ ասեմ, կդնե՞ս լսեմ: Ասացի՝ ցավդ տանեմ, ասա, բայց դու էդքան ժամանակ ունե՞ս: Մեսչյանի «Ո՞ւր էիր Աստված» երգն ուզեց… աղջիկս զարմացավ, ասաց՝ Գառնիկ, էս ի՞նչ է, դու նման երգ ես լսո՞ւմ: Ասաց՝ հետո կլսեք, ինձ կհասկանաք:

Վերջին խոսելն էր, երգը լսեց, ասաց՝ լավ դե, մամ, գնամ քնեմ, հոգնած եմ, առավոտ կզանգեմ, և մինչև այսօր ես իր զանգին եմ սպասում»,- եզրափակեց տիկին Հռիփսիմեն:

Գառնիկ Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրով։