Լեյտենանտ Հարությունը նոր էր ընտանիք կազմել, բայց գնաց ու պաշտպանեց հայրենիքը մինչև վերջին շունչը. ճանաչենք մեր հերոսներին
Լեյտենանտ Հարություն Հայրապետյանը նոր էր ընտանիք կազմել, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Նա առանց մեկ վայրկյան վարանելու գնաց ճակատ, որ իր սիրելի Արցախի սահմաններն անառիկ մնան: Մինչև վերջ կռվել է ու հավատացել, որ հաղթելու ենք:
«Հարութը շատ էր սիրում հայրենիքը, կռվի ժամանակ աշխատում էր օգնել բոլոր շրջափակվածներին՝ փրկելով շատ-շատ զինվորների կյանքեր։ Վարանդայում կռվելու ժամանակ Հարութը իր զինվորների հետ շրջափակման մեջ է ընկել։ Աստծո օգնությամբ կարողացել են դուրս գալ շրջափակումից՝ կորցնելով շատ ընկերների:

Հարութը անգամ ամենադժվար պահերին չէր կորցնում հումորի զգացումը, կարողացել է ուրախացնել ընկերներին, երգել ու կատակել, որպեսզի բարձրացնի զինվորների մարտական ոգին։ Շատ էր սիրում մեր հայոց պատմությունը և հաճախ էր լինում, որ երբեմն վիճում էր մարդկանց հետ, երբ ինչ-որ բան սխալ էին մեկնաբանում»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված Հարություն Հայրապետյանի քույրը՝ Ալյոնա Հայրապետյանը:
Լեյտենանտ Հարություն Հայրապետյանը ծնվել է 1994թ.-ի դեկտեմբերի 29-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: 2013թ.-ին զորակոչվել է բանակ և ծառայել է Մատաղիսում՝ որպես ականազերծող։ Ծառայությունից հետո շարունակել է ուսումը համալսարանում և ուսմանը զուգահեռ ծառայության անցել ՊՊԾ-ում։ 2018թ.-ին ստանալով իրավաբանի որակավորում՝ ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ էլ ստացել է լեյտենանտի կոչում: Ավարտելուց հետո ծառայության է անցել ՊԲ շարքերում՝ որպես հետախույզ և մոտոհրաձգային դասակի հրամանատար։
Պատերազմի առաջին իսկ օրերից Հարությունն իր զինվորների հետ մեկնել է Վարանդա և մասնակցել թեժ մարտերին: Այնուհետև Հարութ Հայրապետյանին տեղափոխել են Մարտունի, որտեղ էլ նոյեմբերի 3-ին զոհվել է հանուն հայրենիքի:
Լեյտենանտ Հարություն Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է երկու մեդալով՝ «Արիության» և «Մարտական ծառայության»:

«Հարութը հետախուզական ջոկատում էր, և պատերազմի ընթացքում, երբ խոսում էինք Հարութի հետ, միշտ ասում էր՝ սա ուրիշ կռիվ է, բայց մենք հաղթելու ենք: Խոսում էինք հետը, բայց ոչինչ ցույց չէր տալիս, երբեք չենք զգացել, որ վատ է այնտեղ: Նոյեմբերի 2-ն էր, կարծես թե Հարութի սիրտը ինչ-որ բան էր զգում… եկավ բոլորիս տեսավ և հաջող արեց, չասաց թե ուր են տանում: Գիշերը զանգեց ասաց, որ Մարտունի 2-ում է կռվում: Զոհվել է նոյեմբերի 3-ին ականանետի բեկորից, քնային զարկերակն էր կտրվել:
Մեր կյանքն ու նպատակները պատերազմը փոխեց, հիմա ես ապրում եմ այսօրվա օրով, չգիտեմ, շատ դժվար է, մանավանդ, երբ Ստեփանակերտում եմ ապրում, և ամեն վայրկյան կա մտավախություն, որ կարող է նորից պատերազմ սկսվել:
Պատերազմից հետո ես հասունացա, կյանքի իրական իմաստը հասկացա և հիմա մի նպատակ ունեմ՝ եղբորս կատարած գործերն ավարտին հասցնեմ: Ես միայն հպարտ եմ, որ ունեմ հերոս եղբայր, և ամեն ձևով իր պատիվն ու անունը կպահեմ»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված Հարություն Հայրապետյանի քույրը՝ Ալյոնա Հայրապետյանը: