Միայն իմանանք՝ ինչի շնորհիվ նա կարողացավ Հայաստանի առաջին Հանրապետությանը մեծ քանակությամբ արտարժույթ բերել․ ո՞վ է այս հայը

Խոսքը քաղաքական, հասարակական գործիչ, բարերար, Հայաստանում հողագործության, գինեգործության զարգացման նվիրյալ Մկրտիչ Թադևոսի Մուսինյանցի մասին է։ 

Մկրտիչ Մուսինյանցը ծնվել է 1868 թվականին Երևանի Կոնդ թաղամասում, հին Երևանի հայտնի և հարգված ընտանիքներից մեկում։ Եղել է ընտանիքի երկրորդ երեխան։ 6 տարեկան հասակում կորցրել է հորը։ Սովորել է թեմական հոգևոր դպրոցում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ ուսումը շարունակել է Մոսկվայում, սովորել ֆրանսերեն։ Մոսկվայում գտնվող եղբոր աջակցությամբ մեկնել է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաք, սովորել շերամապահություն, այնուհետև վերադարձել է Երևան, ուսումնասիրել Երևանում գինեգործության հեռանկարները, կազմել Երևանում գինեգործության դպրոց ստեղծելու նախագիծ, դիմել պետական մարմիններին աջակցության համար, սակայն մերժում է ստացել։

1892 թվականի հոկտեմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի տեր Ներսես Թաիրովի ու նրա գործընկեր Ալեքսանդր Օգանովի հրավերով Մուսինյանցն աշխատանքի է անցել գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ,1894 թվականին նշանակվել է գործարանի կառավարիչ։ 1899 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Ն. Թաիրովն ու Ա. Օգանովը վաճառում են իրենց գործարանը մոսկովյան «Ն. Շուստով և որդիներ» ֆիրմային, Մուսինյանցը շարունակում է պաշտոնավարել և նրա նախաձեռնությամբ բերվում են ֆրանսիական ագրեգատներ, ավելանում է աշխատողների թիվը։ Գործարանը կառավարել է 21 տարի։ Միաժամանակ զբաղվել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել է ապրանքագիտություն, հողագործություն, հաշվապահություն, օրենսդրություն, քաղաքագիտություն։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կոնյակի արտադրության մեջ կարողացել է պահպանել օգտագործվող սպիրտի պաշարները, որոնք Հայաստանի առաջին Հանրապետությանը մեծ քանակությամբ արտարժույթ են բերել։

Մուսինյանցը եղել է քաղաքային դումայի անդամ, Հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղի անդամ, Գաղթականական եղբայրության օգնության հիմնադրամի փոխնախագահ, Երևանի նահանգի պարենավորման կոմիտեի նախագահ։

1919 թվականին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1920 թվականի նոյեմբեր։