Փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր՝ Սաշան զոհվեց հրադադարից ժամեր առաջ. Ճանաչենք մեր քաջ, հայրենասեր և զուսպ հերոսին

Սաշա Խուրշուդյանը մասնակցել է Մարտունու համար մղվող մարտերին, նոյեմբերի 8-ին ինքնակամ միացել է գումարտակներից մեկին՝ շրջափակումից զինվորներին փրկող խմբին:

2020թ.-ի նոյեմբերի 8-ին ժամկետային զինծառայող Սաշա Խուրշուդյանը զոհվեց Մարտունու պաշտպանության մարտերի ժամանակ: Նոյեմբերի 8-ին ինքնակամ միացել է գումարտակներից մեկին՝ շրջափակումից զինվորներին փրկող խմբին: Նրանք կարողացել են միջանցք բացել և դուրս բերել գումարտակը: Սաշա Խուրշուդյանը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ հրադադարից ժամեր առաջ՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր:

«Տպավորություն է, որ ասես մեկ տարի չի անցել, և ամեն ինչ այն օրվա նման է, երբ իմացանք, որ Սաշը զոհվել է: Կարծես անընդհատ սպասենք, որ մեկ է, տուն պիտի վերադառնա, չհաշտվելու և չհամակերպվելու տարի է և նաև չհավատալու, որ կարող էր էսպիսի բան պատահել մեր ընտանիքի հետ։ Սաշի ներկայությունը միշտ զգում ենք, իր մասին անցյալով չենք խոսում։ Պատերազմն ավարտվեց, ու ամենաշատն այդ օրվան էինք սպասում, որ Սաշը կզանգի, բայց 1 օր անց իմացանք, թե ինչ է եղել։ Երբ սպասում էինք, որ ավարտվեր ծառայության 2 տարին (մնացել էր 2 ամիս), օրերը չէին անցնում, իսկ այս մեկ տարին անցավ մեկ օրվա պես»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Սաշա Խուրշուդյանի քույրը՝ Նունե Խուրշուդյանը:

sasha khurshudyan

«Պատերազմը փոխեց ամեն ինչ… մեր կյանքը բաժանվել է 3 շրջանի՝ պատերազմից առաջ, ընթացքը և պատերազմից հետո։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ ընտանիքը ամենաթանկ բանն է, անընդհատ կորցնելու վախ կա, դա գուցե ամբողջ կյանքում չի անցնի, հասկացել եմ, որ երբեք չես կարող պատկերացնել, թե հաջորդ վայրկյանն ինչ կբերի քեզ։

Պատերազմից հետո եթե հանկարծ մի պահ ինչ-որ բան է անցնում մտքովդ, որ կարող ես անել, որոշել և իրականացնել, հաջորդ վայրկյանին մի ծանր, ճնշող հարվածի պես վերապրում ես, թե ինչ է տեղի ունեցել քո և քո ընտանիքի հետ»,- շարունակում է հերոսի քույրը:

«Մայրս հարցրեց՝ արդյոք ինչ-որ ցավեր ունի, ասաց, որ չէ, ուղղակի մրսում է, հենց այդ պահին ուժեղ պայթյունների ու կրակոցների ձայներ լսվեցին, Սաշն ասաց, որ քնելու է, արթնանա կզանգի, ու անջատեց հեռախոսը: Ես միամտաբար կարծեցի, որ եթե ձայներն այդքան մոտ էին լսվում, ուրեմն մերոնք են կրակում, չգիտեի, որ ինքնակամ գնացել է  առաջադրանքի, որ գնացել են մտել թշնամու զորքի  մեջ։ Հաջորդ օրը մտա եկեղեցի, հենց սկսեցի աղոթել, զգացի, որ ինչի համար որ աղոթում եմ, արդեն անհնար է, բայց հույսով սպասում էի, որ պետք է Սաշը զանգի, բայց չզանգեց։

Սաշը նվիրվող մարդ էր. չէր խոսում հայրենիքի որդի լինելուց, Սաշը չէր խոսում ընտանիքի որդի լինելուց. նա շատ զուսպ էր, ասում էինք, որ կարոտել ենք, կատակում էր, ասում էր՝ լավ եք արել, ծիծաղում էինք, ասում էի, որ իրեն պետք է սովորեցնեմ, որ ասի կարոտել է, անչափ զուսպ էր խոսքերի մեջ, նա ավելի շատ գործով և նվիրվածությամբ, հոգ տանելով էր ցույց տալիս իր զգացմունքները։ Ես շատ-շատ կուզեի, որ Սաշը տուն գար, բայց միևնույն ժամանակ ես գիտեմ, որ Սաշը չէր թաքնվի, չէր փախչի, և մի՞թե հայրենիքի որդի լինելով չէ, որ ցույց են տալիս ընտանիքի որդի լինելը, մեր զոհված տղաներից յուրաքանչյուրը մարտի է նետվել՝ մտքում իր ընտանիքի անվտանգության մասին մտածելով, որ թշնամին չկարողանա հասնել իր ընտանիքին»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը: