Ինչպես են հայ սակրավորները օգնում Սիրիայի բնակչությանը
Խան-Թումանի մոտակայքում գտնվող դաշտերը պատված են ինքնաշեն ռումբերով, ականներով, չպայթած նռնակներով։ Մարտերի թեժ պահերին սիրիական զորքերն այստեղով հաճախ էին անցնում, գրոհայինները գյուղն օգտագործում են որպես դարանակալելու հարմար վայր։
«Ինքնաշեն պայթուցիկ սարք ենք հայտնաբերել. հավանաբար ճանապարհը պայթեցնելու համար է դրվել` տանկեր, զրահատեխնիկա անցնելու դեպքում ոչնչացնելու դեպքում: Նրանք TM 83-ի պես ինչ-որ բան են արել. մալուխը, որն անցնում է (տեսնում եք) ճանապարհի վրայով, քողարկված է: Կարծում եմ՝ այնտեղից պետք է պայթեցնեին»,–ասում է ականազերծման խմբի ինժեներական ծառայության պետի օգնական Իշխան Կարապետյանը։
Տեխնիկական հետախուզությունն իրականացնում են Հումանիտար ականազերծման հայկական կենտրոնի մասնագետները։ Դաշտերում կարող է մեծ հզորության զինամթերք լինել, այդ պատճառով յուրաքանչյուր սակրավորի հագին ծանր հանդերձանք է։
«Ռուսական արտադրության է հանդերձանքը։ Այն բավականին որակյալ է, այսինքն՝ զրահապատ մասը պաշտպանում է կրծքավանդակը, աճուկը։ Այս կոստյումը կդիմանա ցանկացած հակահետևակային ականի պայթյունին ինչպես ականառումբային, այնպես էլ բեկորային գործողության դեպքում,–նշում է մարդասիրական առաքելության ինժեներային ծառայության պետ Հակոբ Շիրինյանը։
Յուրաքանչյուր տարածք սակրավորները բաժանում են քառակուսիների, իսկ հետո մանրամասն հետազոտում շոշափուկներով և ականորսիչներով։
Սակրավորները հետազոտում են 250 հազար քառակուսի մետր տարածք։ Ընդամենը երկու օրվա ընթացքում նրանք մոտ մեկ տասնյակ չպայթած զինամթերք են հայտնաբերել:

Ականազերծված ամեն մի հատված հանդիսավոր կերպով փոխանցում են սիրիական իշխանությանը. հենց դաշտի մեջտեղում կարմիր ժապավեն են կտրում։
Այդ գյուղ կվերադառնան փախստականների 500–600 ընտանիք՝ հիմնականում գյուղացիներ, որոնք դադարել են հող մշակել քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։ Շրջանն առաջիկայում կրկին կսկսի գյուղմթերք արտադրել։